ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի

Երեկ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ» անվանակարգում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհել է «Հայկյան-2014» մրցանակ: Հայկյան մրցանակը նախարարին հանձնել է ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Արձանագրենք, որ նախարարին պարգեւ է շնորհել հայոց բանակում իր պարտքից խուսափած Կարեն Ավագյանը: Բայց ՊՆախարան էլ կարծես թե սիրով է ընդունում Ավագյանից ստացած պարգեւը: Չնայած այժմ Ս. Օհանյանին նման «պարգեւները» հետաքրքրում են ավելի քան երբեւէ, քանի որ վերջինս ՀՀ նախագահ դառնալու լուրջ նպատակ ունի:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանել՝ օրենքով ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:

Օհան Գրիգորյան (47 տարեկան, շինարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ գույքահարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու իրավունք ունի նաեւ համայնքի ավագանին՝ տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսի չափով: Գույքահարկի այլ արտոնություններ կարող են սահմանվել առանձին օրենքներով:

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ՝ եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը:

Տաթեւ Ասլանյան (28 տարեկան, թարգմանիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե`
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, այսինքն՝ ՀՀ օրենսդրությունն ամեն դեպքում կարծես թե ամեն ինչ անում է՝ երեխայի ՀՀ քաղաքացիության ամրագրումն ապահովելու համար: Եվ դա, թերեւս, պատահական չէ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին 6-7 տարիների ընթացքում անվերադարձ հեռացել է 300 հազար ՀՀ քաղաքացի կամ մեր բնակչության 10%-ը: Այսինքն՝ այսպես շարունակվելու դեպքում, եթե, իհարկե, բեկումնային փոփոխություններ չլինեն, մեր բնակչությունը մի քանի տարուց կնվազի կիսով չափ: Ուստի ՀՀ քաղաքացիների թիվը բոլոր հնարավոր եղանակներով ավելացնելը խիստ կարեւոր է պետության համար:




Լրահոս