ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՊԱՇՏՈՆՅԱ-ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ ոչ միայն նրանք, հաճախ են հնչեցնում այն միտքը, որ «քաղաքականությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն»: Համընդհանուր ընկալման մեջ բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը ենթադրում է, որ քաղաքականություն «ներթափանցած» գործարարները պետք է դադարեն քաղաքական գործունեություն ծավալել եւ գնան ու զբաղվեն «իրենց գործով»` ձեռնարկատիրությամբ: Սակայն ինչ վատ բան կա նրանում, որ գործարարը, որը, ասենք, տասը կամ քսան տարի ձեռնարկատիրությամբ է զբաղվել եւ հարստություն կուտակել, որոշել է քաղաքականությամբ զբաղվել: ՀՀ օրենսդրությունը գործարարներին չի արգելում քաղաքական գործունեությամբ զբաղվել:

Եթե քաղաքական գործիչ դարձած գործարարն իր դիրքը չի օգտագործում սեփական բիզնեսի համար` մրցակիցների հանդեպ առավելություն ստանալու նպատակով, պաշտոնավարելիս նա չի զբաղվում իր ձեռնարկությունների կառավարմամբ, ապա նրա գործունեությունը լիարժեք տեղավորվում է ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում: Նախկին գործարարների, կամ նույն է թե՝ մեծահարուստների քաղաքականությամբ զբաղվելու երեւույթին կարելի է հանդիպել անգամ ամենազարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում: Սակայն այդ երկրների պետական կառավարման համակարգը (անկախ դատական համակարգ եւ կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալող իրավապահ համակարգ), ի տարբերություն Հայաստանի, քաղաքական գործիչ դարձած գործարարին հնարավորություն չի տալիս իր դիրքն օգտագործել սեփական ձեռնարկության հարստացման եւ մրցակից գործարարներից ազատվելու համար: Նման առաջին իսկ տվյալի ի հայտ գալու դեպքում քաղաքական գործիչը պաշտոնանկ է արվում, նրան պատկանող ձեռնարկութունը հսկայական տույժ-տուգանքների տակ է հայտնվում եւ այսպես շարունակ:
Հայաստանի առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ պետական կառավարման համակարգը կոռուպցիայի դեմ պայքար չի ծավալում, այլ նաեւ այն փաստը, որ քաղաքական գործիչներն են սկսում զբաղվել ձեռնարկատիրությամբ` առանց իրենց պետական պաշտոնից հրաժարվելու: Արդյունքում՝ մարդ ով մինչեւ պետական պաշտոնի նշանակվելը շատ համեստ ֆինանսական կարողություն է ունեցել, ասենք՝ 10 կամ 20 տարի տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելուց հետո դառնում է այնպիսի միլիոնատեր, որի կարողությանը կնախանձեն անգամ աշխարհի ամենազարգացած երկրների մեծահարուստները: Այդ պաշտոնյաների կարողության աճը հակառակ համեմատական է պետության ընդհանուր տնտեսության զարգացման հետ: Որքան շատ են հարստանում պաշտոնյա-միլիոնատերերը, այնքան պետության տնտեսությունն ավելի ծանր կացության մեջ է հայտնվում եւ դառնում անպաշտպան միջազգային զարգացումների նկատմամբ: Նման բազմաթիվ պաշտոնյաների կարելի է թվարկել, սակայն ուշագրավն այն է, որ նրանցից առավել կարկառուն դեմքերը հենց այն մարդիկ են, ովքեր պաշտոնապես ներկայացնում են այսօրվա Հայաստանը եւ նրա անունից քաղաքական որոշումներ են կայացնում` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան եւ այսպես շարունակ:
Հայաստանում ստեղծված վիճակը փոխելու համար ոչ թե գործարարներին է հարկավոր քաղաքականությունից հեռացնել, այլ հակառակը՝ քաղաքական գործիչներին է պետք գործարարությունից հեռու պահել: Քաղաքական գործիչներին գործարարությունից հեռու պահելու համար ընդամենը հարկավոր է պաշտոնավարման շնորհիվ միլիոնատեր դարձած անձանց հեռացնել պետական պաշտոններից եւ ուրիշ ոչինչ: Նույնիսկ կարիք չկա նրանցից խլել պետությունից գողացած միջոցները: Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է աբսուրդ թվալ, բայց իրականությունն այն է, որ միլիոնատեր նախկին պաշտոնյաներն իրական գործարարության համար կդառնան լավ «սնունդ»: Նման բազմաթիվ փաստեր արդեն իսկ ունենք: Փորձը ցույց է տվել, որ պաշտոնավարման տարիներին հարստացած պաշտոնյաները, պաշտոնանկ լինելուց հետո, շատ արագ կորցնում են իրենց ունեցվածքը:
Տարիներով ձեռնարկատիրությամբ զբաղվելուց եւ հարստանալուց հետո, երբ գործարարը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, նա այդպիսով ո՛չ տնտեսության է վնաս պատճառում եւ ո՛չ էլ քաղաքականության համար է վտանգավոր: Նախկին գործարար քաղաքական գործիչը պետության համար վտանգավոր կլինի միայն այն ժամանակ, եթե փորձի պաշտոնական դիրքն օգտագործել իր ձեռնարկությունը հարստացնելու համար, այսինքն՝ կսկսի կոռուպցիոն գործունեություն ծավալել, ինչպես դա անում են պաշտոնյա-միլիոնատերերը, որոնք ոչինչ չունենալով՝ դարձել են մեծահարուստներ:
Հ.Գ. Մի անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Դրանով նա ոչ միայն բացահայտել էր, թե ինքն ինչու է որոշել քաղաքականությամբ զբաղվել, այլ նաեւ խոստովանել էր, թե ինչու, այդքան շատ հարստություն սիրելով, վախենում է պետական պաշտոնը թողնել եւ գործարարությամբ զբաղվել: Բոլորից լավ նա գիտի՝ եթե պաշտոն չունենա, ապա շատ կարճ ժամանակում իր ունեցվածքը կկորցնի, քանի որ եթե պաշտոնյա չլինի, չի կարողանա գյուղատնտեսությամբ մեկ տարում մեկ միլիոն դոլար «վաստակել»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՆԿԱՐՆԵՐՍ ԵՏ ՏՎԵՔ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նա հեռանում է ակտիվ քաղաքականությունից, Հայաստանի տարբեր մարզերում սկսել են փակվել մարզային գրասենյակները: Ըստ տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանը պահանջել է, որ շտաբների գույքերը հանձնեն իրեն: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հատկապես Գեղարքունիքի մարզի ԲՀԿ շտաբներում առանձնապես գույք չկա, քանի որ այն տրամադրվել է 2006 թվականին ու այս տարիներին «մաշվել» է: Ծառուկյանի մարդիկ շտաբներից պահանջել են իրենց վերադարձնել Ծառուկյանի լուսանկարները, որոնք գրասենյակներում փակցված են եղել:

 

ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՆՆԵՐ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջին օրերին երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ կիլոգրամ բանանի գինը կտրուկ բարձրացել է: Մարտի 8-ին Երեւանում եւ Աբովյանում բանանը վաճառվել է 2500, իսկ մարտի 9-ին՝ 1700 դրամով: Երեկ արդեն բանանի կիլոգրամն արժեր 1200-ից 1400 դրամ: Տեղեկացնենք, որ Հայաստան բանան ներկրում է միայն «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի հիմնադիրն է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս համարվում է ցիտրուսային մրգերի ներկրման մոնոպոլիստը Հայաստանում: Այս առիթով սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ամենացավալին այն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից այս շուկան չի վերահսկվում: Ինչի արդյունքում տնտեսվարողներն անպատիժ են մնում»:

 

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում երկու հարեւաններ միմյանց մի լավ ծեծելուց հետո սկսել են զենքով սպառնալ իրար: Կռվող կողմերը եղել են դրկիցներ` Արարատ ու Մաքսիմ անուններով: Նրանք սկսել են վիճել ոչ ավել, ոչ պակաս, շան պատճառով: Բանն այն է, որ Արարատի շունը շատ է հաչել եւ խանգարել է հարեւաններին: Հարեւաններից Մաքսիմը չդիմանալով` Արարատին ասել է, թե շանդ հեռացրու բակից: Արարատը չի կատարել Մաքսիմի հորդորները, եւ հարեւանները սկսել են վիճել, այնուհետեւ բռունցքներով հարվածել իրար: Մաքսիմը տեսնելով, որ չի կարողանում բռունցքներով հարցը լուծել եւ «հաջողության» հասնել, վազել է տուն եւ վերադարձել իր օրինական հրացանով՝ Արարատից պահանջելով կա՛մ «շան հարցը լուծել», կա՛մ շան հետ նաեւ տիրոջ հարցերը կլուծի զենքով: Արդյունքում՝ Արարատը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Սյունքի մարզի բաժին, եւ այժմ իրավապահներն են զբաղվում այս պատմությամբ:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԵՆԱԿ ԹՈՂԵՑԻՆ
«Ամսի 12-ից հետո պարզ դարձավ մի երեւույթ, որը հետագա գործընթացների վրա ունեցավ իր ազդեցությունը: Պարոն Ծառուկյանը մնաց մենակ: Այն քաղաքական ուժերը, հատկապես եռյակը, որոնք պարտավոր էին լիդերների մակարդակով կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, ցավոք, այդ ժամանակ՝ ամենածանր ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, որն ամենեւին չէր տեղավորվում այդ օրերի իրադարձությունների մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել»,-«Առավոտ»-ին ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, ով ավելի վաղ նշել էր, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» դժվարությամբ են համաձայնել փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրելու որոշմանը:

 

ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երեկվա նիստում որոշում է կայացվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու` մասնակցելու հունիսին կայանալիք առաջին Եվրոպական խաղերին: Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձեւերում:

 

ԺԱՄԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երեկ ԲՀԿ-ն լքել է նաեւ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Այս կապակցությամբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ին ասել է, որ Աղաբաբյանը երեկ՝ մարտի 10-ին, առավոտյան 08:30-ին հեռախոսազրույց է ունեցել իր հետ եւ հաստատել կուսակցությունում մնալու իր որոշումը: «Արայիկ Աղաբաբյանը կուսակցության այն անդամներից էր, որ դատապարտում էր կուսակցությունից դուրս եկողներին: Սակայն այսօր՝ դեռ առավոտյան, կայքերից մեկում հանդիպեցի տեղեկատվության, որ նա կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել»:

 

ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ` ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը եւ Մերուժան Սիմոնյանը: Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը Էջմիածնում, իսկ Սիմոնյանը Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ: Ծառուկյանի ներկայացուցիչներն այս պատգամավորներին սպառնում են, որ կուսակցությունից դուրս չգալու դեպքում նրանք կզրկվեն ցեմենտն իրացնելու հնարավորությունից:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին երեկ ընդունել է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը։ Կողմերն անդրադարձել են քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին, ինչպես նաեւ՝ մշակութային, գիտակրթական բնագավառներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

 

ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է իրական սնանկացման եզրին, եւ ՀՀ այն տնտեսվարողները, ովքեր այս ընկերության հետ բիզնես շահեր ունեն, մտահոգված են, որ իրենք այդ սնանկացման հետեւանքով կարող են տնտեսական կորուստներ ունենալ: Մասնավորապես, մի քանի փոքր հէկերի սեփականատերեր 1-in.am-ին հայտնել են, որ չնայած արդեն մարտի 10-ն է, սակայն իրենք չեն ստացել հունվար ամսին ՀԷՑ-ին մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց գումարը:




Լրահոս