ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բոլորովին վերջերս Երեւան քաղաքի մաքրությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերությունը տեղադրեց նոր աղբամաններ: Սակայն դրանք հաճախ այրվում են Երեւանի տարբեր հատվածներում: Արդյոք դիտավորություն կա դրանում թե ոչ, թերեւս կպարզի ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ «Սանիտեկ» ընկերությունը գործի անցավ նախորդ տարվա դեկտեմբերից՝ քաղաքապետարանից «վերցնելով» աղբահանության գործառույթը, որի արդյունքում լուծարվեց «Կենտրոն մաքրություն» ընկերությունը, եւ մի շարք աշխատակիցներ հայտնվեցին փողոցում:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում, եթե պայմանգիրը կնքվել է 2015 թ. հունվարից, 5% պարտադիր կենսաթոշակային վճար պահվո՞ւմ է, թե՞ ոչ:

Մարիա Սաղաթելյան (35 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել, մասնավորապես, 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված`
ա) 2014 թ. հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած անձինք, ովքեր 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ չեն հանդիսացել վարձու աշխատող
բ) «ՀՀ հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողները (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների), պետական կառավարչական եւ համայնքային կառավարչական հիմնարկների, դրանց կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, ԿԲ-ի, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վարձու աշխատողները:
Եթե Դուք հանդիսանում եք 1974 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձ եւ
ա) 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ համարվել եք վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ օրենքով սահմանված կարգով մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 25-ը չեք ներկայացրել սոցիալական վճարներ կատարելուց հրաժարվելու դիմում, ապա Դուք սոցիալական վճար վճարող եք եւ մինչեւ 500.000 դրամ ստացած եկամտից կատարելու եք սոցիալական վճար` աշխատավարձի 5%-ի չափով:
բ) եթե 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ չեք ունեցել վարձու աշխատողի կարգավիճակ, չեք եղել նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած անձ, ապա սոցիալական վճար կատարող եք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բարդ եւ խճճված օրենքը փակուղու մեջ է գցում մեր քաղաքացիներին եւ զրկում կողմնորոշվելու հնարավորությունից: Չնայած ՀՀ Կառավարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, խոստացավ բարեփոխել այդ օրենքը, բայց կատարված մասնակի փոփոխություններն այդքան էլ էական չէին եւ չվերացրին օրենքում առկա բազմաթիվ սողանքներն ու անհասկանալի դրույթները:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Աշխատում եմ «Մեծ Էվրիկ» կազմակերպությունում՝ որպես՝ կռունկավար, աշխատավարձս կազմում է 300.000 դրամ: 2015թ. փետրվարի 7-ին ստացել եմ 240.000 դրամ աշխատավարձ՝ պատճառաբանությամբ, թե հունվարի 1-7-ը չենք աշխատել: Աշխատանքից ազատել են փետրվարի 14-ին: Այժմ ցանկանում եմ ստանալ 7 օրվա աշխատավարձը եւ միանգամից վերջնահաշվարկի գումարը, սակայն նրանք ոչ միայն մերժում են վերջնահաշվարկի կատարումը, այլեւ մի հատ էլ ինձ տեղեկացնում են, թե ես պետք է վերամբարձ կռունկի կոտրված ապակիի համար փոխհատուցում անեմ: Կխնդրեի պարզաբանել՝ ես իրավունք ունե՞մ աշխատավարձի վերջնահաշվարկ ստանալու եւ, ընդհանրապես, քանի՞ ժամվա ընթացքում պետք է կատարել աշխատավարձի վերջնահաշվարկ:

Սուրեն Նիազյան (56 տարեկան, կռունկավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Գործատուն նաեւ պարտավոր է վերջնահաշվարկի օրը աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

«AM» Իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ այս դեպքում ակնհայտ օրենքի խախտում է տեղի ունեցել, ինչը, ցավոք, սովորական երեւույթ է դարձել, հատկապես ներկայիս գործազրկության բարձր մակարդակի արդյունքում: Զբաղվածության պետական տվյալների համաձայն՝ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72.6 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավել է 12.2%-ով: Նման հանգամանքներում ֆինանսական ծանր վիճակում հայտնված քաղաքացիները գործատուների կողմից առաջարկվող ցանկացած պայմանի համաձայնում են, եւ դա հանգեցնում է գործատուների կողմից իրենց լիազորությունների չարաշահմանը:




Լրահոս