«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորը նույն անգլիական Jacobs ընկերության ներկայացուցիչն է, ով 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար: Այսինքն՝ նախկինում կատարված աշխատանքի համար այժմ Jacobs-ը կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա ասել է, որ անցած շաբաթ «Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն այն անձնավորությունն է, ով աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար:
Աուդիտորը 3 օր է այցելել գործարան. «Նա մեզ մոտ արդեն եղել է, գործարանին ծանոթ է: Ինչ պետք էր՝ արեց, որոշ հարցաշարեր թողել է, որ լրացնենք, տանք իրենց: 7 շաբաթվա մեջ պետք է պատասխանեն կառավարությանը»: Փաստորեն, ստացվում է, որ Համաշխարհային բանկը պատվեր է ապահովել անգլիական ընկերության համար և ՀՀ կառավարության ձեռքով 110 հազար դոլար է «նվիրում» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման համար: Աշխատանք, որն արդեն արված է: Իսկ անհրաժեշտ որոշ ճշգրտումները հաստատապես այդքան չարժեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։