ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այսօր ոչ ոք չի կարող հայտարարել, որ ՀՀ իշխանություններն արդեն որոշել են, թե որ քաղաքական ուժերը պետք է ընդգրկված լինեն նոր ձեւավորվելիք խորհրդարանում: Պատգամավորը վստահեցրեց, որ դա բացառապես ժողովրդի կամարտահայտումը պետք է լինի:
-Պարո՛ն Սահակյան, կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանն արդեն տվել է սահմանադրական բարեփոխումների «մեկնարկը»` նշելով, որ ինքը հայեցակարգին քաղաքական հավանություն է տալու: Ո՞րն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը, արդյո՞ք մյուս փուլերում եւս նման շտապողականություն եք ցուցաբերելու:
-Մեր քայլերն արդեն տրված են նախագահի կողմից ստորագրված սահմանադրական բարեփոխումների հրամանագրում. այնտեղ նշված է, որ հայեցակարգի հաստատումից հետո մասնագիտական խումբն ունի 10 ամիս` աշխատելու բուն նախագծի վրա, որից հետո արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների նախագիծը գալու է Ազգային ժողով, ու մեր կանոնակարգ օրենքով 3 ամիս ժամանակ կա, որպեսզի Ազգային ժողովը քննարկի ու արդեն արտահայտի իր վերաբերմունքն այդ նախագծի վերաբերյալ: Այնուհետեւ նախագահն իրեն հարմար ժամանակահատվածում նշանակում է հանրաքվեն: Սա է ամբողջ գործընթացը, որը ենթադրվում է այս փուլից հետո:
-Սերժ Սարգսյանի հետ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների` նախօրեին կայացած հանդիպումը ցույց է տալիս, որ խորհրդարանական ուժերից շատերն այսօր այլեւս դեմ չեն, որ այդ բարեփոխումները իրականացվեն: Ի՞նչ եք կարծում՝ արդեն քաղաքական կոնսոլիդացիա կա՞ խորհրդարանում:
-Չէ՛, Ազգային ժողովում մի փոքր այլ է, ես կարծում եմ, որ մենք այստեղ կունենանք ավելի բովանդակային քննարկումներ, որովեհետւ արդեն խորհրդարանում քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների բուն նախագիծը, հետեւաբար մենք այստեղ խնդիր ենք ունենալու բովանդակային քննարկումներ կազմակերպելու հարցում: Ու արդեն պետք է բովանդակային առումով հասկանալ, թե ինչ նախագիծ է, ու մենք ուր ենք գնալու: Այստեղ կոնսոլիդացիան այլ խնդիր է՝ մենք պետք է կարողանանք առողջ, բովանդակային քննարկումներ կազմակերպել, որն էլ, կարծում եմ, օգուտ կբերի թե՛ նախագծին, թե՛ մեզ բոլորիս:
-Իսկ ի՞նչ սկզբունքով էին կազմակերպվել Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումները, ինչո՞ւ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն արհամարհվեց եւ հանդիպման հրավեր չստացավ:
-Այդ հանդիպումները կազմակերպելն ու անցկացնելը բացառապես նախագահի լիազորությունների տիրույթում է, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների հեղինակը հենց երկրի նախագահն է: Ու եթե տեսնում եք՝ ողջ քաղաքական դաշտում ներկայացված քաղաքական ուժերը, անկախ նրանց` խորհրդարանում լինել-չլինելուց, իշխանական կամ ընդդիմադիր թեւը ներկայացնելուց, բոլորն էլ հրավիրվել են, բոլորի հետ էլ քննարկում եղել է: Իսկ թե ինչու չի հրավիրվել Հայ ազգային կոնգրեսին, չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ իմ անձնական տեսակետն ասել: Նախ ՀԱԿ-ն արդեն մի փոքր այլ ֆորմատ ունի, եթե ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցություններ համախմբվել էին ու ներկայացվածություն ունեցան խորհրդարանում, ապա հիմա մենք տեսնում ենք, որ մնացել են երեք-չորս քաղաքական ուժեր: ՀԱԿ-ը մշտապես մերժել է սահմանադրական բարեփոխումների գաղափարը՝ նշելով, որ իրենք չեն մտնելու բովանդակային քննարկումների դաշտ: Կարծում եմ` նաեւ դա է եղել պատճառը:
-ԱԺ ԲՀԿ խմբակցությունը եւս դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, բայց հրավիրյալների ցուցակում էր, ինչպե՞ս եք դա բացատրում:
-Ես տեղյակ չեմ ու չեմ կարող այդ հարցին պատասխանել:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը, այդ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպելով, ցույց տվեց, թե առաջիկա խորհրդարանը ինչպիսի կազմ է ունենալու:
-Ես նորից նշեմ, որ հանրաքվեն, այնուհետեւ՝ Ազգային ժողովի ընտրությունները, դրանք բոլորը մեր ժողովրդի կամարտահայտություններն են, եթե ժողովուրդը իր վստահության քվեն չտա, ապա այդ մարդիկ չեն կարող լինել Ազգային ժողովում: Դրա համար մենք չենք կարող նման գնահատական հնչեցնել, թե իշխանություններն արդեն ունեն ձեւավորված կամ պատկերացրած Ազգային ժողով: Դա ժողովրդի ընտրությունն է, ու բացառապես ժողովուրդն է որոշում իր ձայնի միջոցով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ