ԵՊՀ ՈՒԽ հայտարարությունը.
Արդեն մի քանի օր է` հայաստանյան հասարակությունը և միջազգային հանրությունը ցնցված է Հունգարիայի կառավարության որոշումից, որով ազերի սպա Ռամիլ Սաֆարովը տեղափոխվեց Ադրբեջան: Այնուհետև Իլհամ Ալիևը նրան համաներում շնորհեց և ադրբեջանական հասարակությունը մարդասպանին ընդունեց որպես ազգային հերոս: ԵՊՀ ուսանողական խորհուրդը դատապարտում է այս խայտառակ գործարքը: Այն սանձազերծում է Ադրբեջանի կացնային քաղաքականությունը, նպաստում է հայատյացության և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը ադրբեջանում և կասկածի տակ դնում առկա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ բողոքի ցույցեր է կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև` դատապարտելով Ադրբեջանի կողմից սահմանային գծում զինադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերն ու ԵԱՀԿ անհետևողական քայլերն այս ուղղությամբ:
Ցավոք, ՆԱՏՕ-ի կողմից իրականաված “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակում սպանված Գուրգեն Մարգարյանի դեպքում ևս գործ ունենք միջազգային հանրության անհետևողականության հետ, ինչի արդյունքում հնարավոր եղավ այսպիսի լկտի գործարքը, որը մարտահրավեր էր ողջ առաջադեմ մարդկությանը: