ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԻՑ ՈՒ ԱՄԵՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը վաղուց ի վեր հայտնվել է մեկուսացված կարգավիճակում. մեկուսացված ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ տնտեսապես, կտրված աշխարհից ու զարգացման բնականոն հունից: Հայաստանի վիճակը ժամանակին բավական պատկերավոր նկարագրել է Վանո Սիրադեղյանը՝ գրելով. «Եւ Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու»:
Իրավիճակը լավ պատկերացնելու համար մեջբերենք վերջերս ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները՝  ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության վերաբերյալ: Այն, որ պաշտոնական վիճակագրությանը պետք չէ միանշանակ վստահել, հայտնի է շատերին: Սակայն անգամ այս ցուցանիշները գալիս են հիմնավորելու, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ-ն:
Պարզվում է՝ Հայաստանն իր հարեւան երկրների հետ գրեթե առեւտուր չի անում: Մինչդեռ, տրամաբանության համաձայն, իրավիճակն այլ պետք է լիներ: Բանն այն է, որ հարեւան երկրների հետ առեւտուրը երկկողմանի շահավետ է, ելնելով, թեկուզ, տարածության գործոնից, երբ ճանապարհի, նաեւ՝ մաքսային փոխադրումների համար նրանք անհամեմատ ավելի քիչ գումար են ծախսում, քան ուրիշ երկրի հետ առեւտուր անելիս: Եթե ավելի պարզ, ապա՝ Վրաստանը կամ Իրանը պետք է անհամեմատ շահագրգռված լինեն այս կամ այն ապրանքը հարեւան Հայաստանից, քան թե իրենցից հազարավոր կիլոմետրեր հեռու Գերմանիայից կամ Ֆրանսիայից գնելով, քանի որ այդպես անհամեմատ էժան է: Մնում է, միայն, համապատասխան որակի արտադրանքն ներկայացնելը:
Եւ այսպես, ԱՎԾ-ն օրերս հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին» վերնագրով զեկույց: Այնտեղ առկա ցուցանիշները բավական տխուր պատկեր են բացահայտում. 2012թ. առաջին յոթ ամսվա ընթացքում ՀՀ-ից Վրաստան արտահանումը կազմել է ընդհանուր ծավալի 5.9 տոկոսը: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր բարձր ցուցանիշ է, քանի որ այն ժամանակ ՀՀ-ից Վրաստան արտահանումը կազմում էր 4.3 տոկոս: Փոխարենը բավական նվազել է ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանումը. 2012թ. դեպի Իրան արտահանումը կազմել է 6.5 տոկոս, իսկ նախորդ տարի 9.5 տոկոս էր: Թուրքիա ՀՀ-ից արտահանումը կազմում է ընդհանուր ծավալի 0.1 տոկոսը. այս ցուցանիշն անփոփոխ է մնացել նախորդ տարվա համեմատ: Իսկ Ադրբեջանի մասով, բնականաբար, անիմաստ է խոսելը, քանի որ այս երկրի հետ չունենք որեւէ հարաբերություն, ավելին, գտնվում ենք փաստացի պատերազմական վիճակում: Իսկ եթե ընդհանրացնելու լինենք, ապա հարեւան երեք երկրներ մեր արտահանման ծավալները կազմում են ընդհանուրի 10.3 տոկոսը:
Սա ունի իր պատճառները. նախ ՀՀ-ն արտահանում է ոչ մրցունակ ապրանքներ, բացի այդ՝ արտահանման ծավալի մեծ մասը կազմում են հանքահումքային նյութ, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներ, քարեր: Այս ամենից բացի, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այս իրավիճակը մեկնաբանում է տարածաշրջանում առկա կոնֆլիկտներով ու դրա հետեւանքով չորս հարեւաններից երկուսի հետ սահմանների փակ լինելու կարեւորագույն հանգամանքով: «Ըստ էության, պատճառը կոնֆլիկտներն են: Եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը լուծված լիներ ու հարաբերություններ ունենայինք, եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լիներ ու երկաթուղին գործեր, տրանզիտը գործեր, իրավիճակն այլ կլիներ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է հարեւան մյուս  երկու երկրներին՝ Վրաստանին ու Իրանին, որոնց հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, ապա Խաչատրյանի խոսքերով, ՀՀ-ն նրանց համար որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: «Ժամանակին գոնե Վրաստան էլեկտրաէներգիա էինք արտահանում, բայց հիմա նրանք այնպիսի համակարգ ստեղծեցին, որ իրենք են էլ.էներգիա արտահանում: Մենք հարեւանների հետ տնտեսական կապերը զարգացնելու խնդիր չենք էլ դրել»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ հավելելով,- «Պատճառը քաղաքական համակարգն է: Հիշո՞ւմ եք՝ Օսկանյանի հայտնի հայտարարությունը, որ փակ սահմաններով 100 տարի էլ կապրենք: Հիմա ինքն էլ է ասում, որ փակ սահմաններով չենք կարող ապրել»:
ՀԱԿ անդամի խոսքերով, եթե իրավիճակն այլ լիներ, ապա լուրջ հնարավորություններ կստեղծվեին նաեւ տարածաշրջանային ներդրումների համար: Մինչդեռ, նրա խոսքերով, ՀՀ-ն այսօր համարվում է ներդրումների համար ռիսկային երկիր, քանի որ ամեն րոպե հնարավոր է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսումը: Բացի այդ, Հայաստանում բարձր է կոռուպցիայի մակարդակը, բարձր են հարկերը, անկայուն է օրենսդրությունը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով նվազել են օտարերկրյա ներդրումների հոսքը՝ 39.4%-ով, իսկ ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 59.7%-ով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս