Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտանբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհացուցիչ չհամարելով աշխատանքի արդյունքները՝ հանձնարարել է առավել ակտիվացնել դրանք և դեպքերի բացառման նպատակով մշտապես իրազեկել հանրությանը ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ մայրաքաղաքը մաքուր պահելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորության մասին:
«Յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում են կազմված արձանագրությունների վերաբերյալ տվյալներ, որը, սակայն, բավարար չէ շոշափելի հաջողություն ունենալու համար: Միայն արձանագրություն կազմելով չենք կարող ցանկալի արդյունք ստանալ: Բազմիցս եմ կրկնել, որ մեր նպատակը ոչ թե արձանագրություններ կազմելն է, այլ տվյալ երևույթի նկատմամբ հետևողական պայքարը, որի արդյունքում թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձինք կգիտակցեն քաղաքը մաքուր պահելու իրենց պարտավորությունը: Այս հարցում ակնկալում ենք նաև ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա հնարավորին արագ ձևավորել քաղաքի հանդեպ հոգատար վերաբերմունքի պարտադիր մշակույթը: Ըստ այդմ՝ բոլոր պատասխանատուներին հորդորում եմ հանրությանը պարբերաբար ներկայացնել մեր մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչը, վստահ եմ, նաև մեր համաքաղաքացիների սրտով է, ու նրանք այս հարցում ևս կդառնան քաղաքային իշխանության ակտիվ աջակիցը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: