Այսօր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկի կողմից քննարկվեց «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևի նախագիծը: Նշվեց հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:
«Վերնագիրը շատ խոսուն է, միևնույն ժամանակ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատվիրակներին, որ մշակեցին այս փոխզիջումային տարբերակը», – նշեց Տարասյուկը:
Վերջինս հայտնեց, որ բանաձը վերաբերում է ընթացող պատերազմին, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ: «Դրա հետևանքով Դոնբասի տարածքի բնակիչները զոհվում են, ավելի քան 1.5 մլն բնակչություն տեղահանվել է, մի քանի հարյուրը հայտնվել են փախստականների կարգավիճակում: Ղրիմի հանրապետությունն օկուպացվել է Ռուսաստանի կողմից և ապօրինի միացվել Ռուսաստանին», – շարունակեց Տարասյուկը:
Նա նշեց, որ պահանջվում են ահռելի ջանքեր, որպեսզի հակազդեն այս իրավիճակին և հավելեց, որ միջազգային հանրությունն ակտիվորեն լուծում է փնտրում Ռուսաստանի ագրեսիային: Նա կոչ արեց բոլոր պատվիրակներին կողմ քվեարկել բանաձևին:
Այնուհետև ելույթներով հանդես եկան նաև Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակներից մի քանիսը, ովքեր բոլորն էլ կողմ էին բանաձևին և կարևորեց Ռուսաստանի դեմ բանաձևի ընդունումը: Այս հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, ով նշեց, որ քննարկվող հարցը զգուշավորություն է պահանջում:
«Մեր պատվիրակությունը երևի միակն է, որ միանշանակ չի վերաբերում այս հարցին: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և այնտեղ 2.5 մլն հայ կա, Ուկրաինան մեր բարեկամն է, և այնտեղ 0.5 միլիոնից ավել հայ կա: Մենք կողմնակից ենք ցանկացած հակամարտության խաղաղ լուծման», – նշեց նա: