ԲՀԿ-Ն «ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր հայտարարություններով երեկ ուղղակի աննախանձելի վիճակում է դրել ԲՀԿ-ին: Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ, խոսելով Գյումրու քաղաքապետի ընտրությունների մասին, Ս. Սարգսյանն ասել է. «Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդ»:
Ինչպես հիշում եք, Գյումրու քաղաքապետի պաշտոնում Ս. Բալասանյանի թեկնածությունն առաջադրելու մասին ԲՀԿ-ն հայտարարեց նախագահական նստավայրում Ս. Սարգսյանի հետ նրա հանդիպումից հետո: Բայց այս ողջ ընթացքում ԲՀԿ-ականները պնդում էին, թե կուսակցության քաղխորհրդում Գյումրու քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու շուրջ ակտիվ քննարկումներ են ընթացել, եւ հավանական 3 թեկնածուներից, ի վերջո, ընտրվել է Բալասանյանը: Այնինչ Ս. Սարգսյանը Գյումրիում բոլորովին այլ հայտարարություն է անում՝ ըստ էության հասկացնելով, որ Բալասանյանն իր թեկնածուն է, եւ նրան ոչ թե ԲՀԿ-ն, այլ ինքն է առաջադրել: Ընդ որում, սա այն եզակի դեպքերից է, երբ բարձրաստիճան պաշտոնյան ուղղակի կերպով հաստատում է մինչ այդ մամուլում եղած «լավատեղյակ աղբյուրներից ստացված» լուրերն ու շշուկները:
Ինչ վերաբերում է ԲՀԿ հասցեին Ս. Սարգսյանի հայտարարություններին, ապա տեսակետ կա, որ այդպես նա «փչացնում է» այդ կուսակցությանը՝ միտումնավոր կերպով զրկելով մանեւրելու հնարավորությունից: Բացի այդ, այդպես փորձում է նաեւ տպավորություն ստեղծել, որ իրենն է ոչ միայն Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն, այլեւ հենց ինքը՝ ԲՀԿ-ն: Մյուս կողմից էլ փորձում է ԲՀԿ-ին հստակ հասկացնել, որ նման քաղաքական իրադրությունում «կիսահղի» վիճակ չի լինում, ու ԲՀԿ-ն պետք է հստակ կողմնորոշվի իր անելիքների մեջ: Նկատենք, որ քանի դեռ ԲՀԿ-ն, կոալիցիա չմտնելով, մյուս կողմից հստակ ընդդիմադիր գործելաոճ չի ընդունել, բացի այդ, քանի դեռ հստակ իր դիրքորոշումը չի արտահայտել նախագահական ընտրությունների կապակցությամբ, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պայքարելու են այդ կուսակցության համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով Ս. Բալասանյանի առաջադրման մասին Ս. Սարգսյանի հայտարարությունները, ասաց. «Մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին. Սամվել Բալասանյանին առաջադրել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը»: Նման հայտարարություն էլ արել է Ս. Բալասանյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ իր շնորհակալությունը հայտնելով ԲՀԿ-ին ու նրա նախագահ Գ. Ծառուկյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ականները երեկ փորձում էին գոնե հրապարակային ելույթներով սխալ հանել Ս. Սարգսյանին: Ասել է թե՝ դեռ դիմադրում են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս