ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱԿ-Ն ԱՐՀԱՄԱՐՀՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այսօր ոչ ոք չի կարող հայտարարել, որ ՀՀ իշխանություններն արդեն որոշել են, թե որ քաղաքական ուժերը պետք է ընդգրկված լինեն նոր ձեւավորվելիք խորհրդարանում: Պատգամավորը վստահեցրեց, որ դա բացառապես ժողովրդի կամարտահայտումը պետք է լինի:

-Պարո՛ն Սահակյան, կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանն արդեն տվել է սահմանադրական բարեփոխումների «մեկնարկը»` նշելով, որ ինքը հայեցակարգին քաղաքական հավանություն է տալու: Ո՞րն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը, արդյո՞ք մյուս փուլերում եւս նման շտապողականություն եք ցուցաբերելու:
-Մեր քայլերն արդեն տրված են նախագահի կողմից ստորագրված սահմանադրական բարեփոխումների հրամանագրում. այնտեղ նշված է, որ հայեցակարգի հաստատումից հետո մասնագիտական խումբն ունի 10 ամիս` աշխատելու բուն նախագծի վրա, որից հետո արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների նախագիծը գալու է Ազգային ժողով, ու մեր կանոնակարգ օրենքով 3 ամիս ժամանակ կա, որպեսզի Ազգային ժողովը քննարկի ու արդեն արտահայտի իր վերաբերմունքն այդ նախագծի վերաբերյալ: Այնուհետեւ նախագահն իրեն հարմար ժամանակահատվածում նշանակում է հանրաքվեն: Սա է ամբողջ գործընթացը, որը ենթադրվում է այս փուլից հետո:
-Սերժ Սարգսյանի հետ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների` նախօրեին կայացած հանդիպումը ցույց է տալիս, որ խորհրդարանական ուժերից շատերն այսօր այլեւս դեմ չեն, որ այդ բարեփոխումները իրականացվեն: Ի՞նչ եք կարծում՝ արդեն քաղաքական կոնսոլիդացիա կա՞ խորհրդարանում:
-Չէ՛, Ազգային ժողովում մի փոքր այլ է, ես կարծում եմ, որ մենք այստեղ կունենանք ավելի բովանդակային քննարկումներ, որովեհետւ արդեն խորհրդարանում քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների բուն նախագիծը, հետեւաբար մենք այստեղ խնդիր ենք ունենալու բովանդակային քննարկումներ կազմակերպելու հարցում: Ու արդեն պետք է բովանդակային առումով հասկանալ, թե ինչ նախագիծ է, ու մենք ուր ենք գնալու: Այստեղ կոնսոլիդացիան այլ խնդիր է՝ մենք պետք է կարողանանք առողջ, բովանդակային քննարկումներ կազմակերպել, որն էլ, կարծում եմ, օգուտ կբերի թե՛ նախագծին, թե՛ մեզ բոլորիս:
-Իսկ ի՞նչ սկզբունքով էին կազմակերպվել Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումները, ինչո՞ւ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն արհամարհվեց եւ հանդիպման հրավեր չստացավ:
-Այդ հանդիպումները կազմակերպելն ու անցկացնելը բացառապես նախագահի լիազորությունների տիրույթում է, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների հեղինակը հենց երկրի նախագահն է: Ու եթե տեսնում եք՝ ողջ քաղաքական դաշտում ներկայացված քաղաքական ուժերը, անկախ նրանց` խորհրդարանում լինել-չլինելուց, իշխանական կամ ընդդիմադիր թեւը ներկայացնելուց, բոլորն էլ հրավիրվել են, բոլորի հետ էլ քննարկում եղել է: Իսկ թե ինչու չի հրավիրվել Հայ ազգային կոնգրեսին, չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ իմ անձնական տեսակետն ասել: Նախ ՀԱԿ-ն արդեն մի փոքր այլ ֆորմատ ունի, եթե ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցություններ համախմբվել էին ու ներկայացվածություն ունեցան խորհրդարանում, ապա հիմա մենք տեսնում ենք, որ մնացել են երեք-չորս քաղաքական ուժեր: ՀԱԿ-ը մշտապես մերժել է սահմանադրական բարեփոխումների գաղափարը՝ նշելով, որ իրենք չեն մտնելու բովանդակային քննարկումների դաշտ: Կարծում եմ` նաեւ դա է եղել պատճառը:
-ԱԺ ԲՀԿ խմբակցությունը եւս դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, բայց հրավիրյալների ցուցակում էր, ինչպե՞ս եք դա բացատրում:
-Ես տեղյակ չեմ ու չեմ կարող այդ հարցին պատասխանել:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը, այդ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպելով, ցույց տվեց, թե առաջիկա խորհրդարանը ինչպիսի կազմ է ունենալու:
-Ես նորից նշեմ, որ հանրաքվեն, այնուհետեւ՝ Ազգային ժողովի ընտրությունները, դրանք բոլորը մեր ժողովրդի կամարտահայտություններն են, եթե ժողովուրդը իր վստահության քվեն չտա, ապա այդ մարդիկ չեն կարող լինել Ազգային ժողովում: Դրա համար մենք չենք կարող նման գնահատական հնչեցնել, թե իշխանություններն արդեն ունեն ձեւավորված կամ պատկերացրած Ազգային ժողով: Դա ժողովրդի ընտրությունն է, ու բացառապես ժողովուրդն է որոշում իր ձայնի միջոցով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՐԱԿԱՐԳԸ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին փակ նիստ է հրավիրել՝ որոշելու իրենց հետագա անելիքները: Բանն այն է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո «օդում կախված» է մնացել այն հարցը, թե ում շուրջ են հավաքվելու ազատամարտիկները՝ իրենց հետագա գործունեությունը շարունակելու համար:

Նշենք, որ «Ազատամարտիկների դաշինք»-ն անգամ գրասենյակ էր «բացել» Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքում, որտեղ պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ էին ունենում: Հիշեցնենք նաեւ, որ «Ազատամարտիկների դաշինք»-ում ընդգրկված են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը, գնդապետ, Ապարանի գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, «Վրիժառուներ» գնդի հրամանատար Վրեժ Ղազարյանը, «Զորավոր Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը եւ այլ ազատամարտիկներ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են ազատամարտիկները որոշել վարչության նիստ հրավիրել: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ այժմ որեւէ բան չի կարող ասել` հավելելով, որ միայն նիստից հետո իրենք հանդես կգան հայտարարությամբ: «Մենք վաղուց ենք հայտարարել, որ մենք ոչ ոքի կցորդը չենք, մենք սիրում ենք մեր երկիրը ու անհանգստանում ենք մեր երկրի անվտանգության համար, մենք խնդիրներ ենք մեր առջեւ դրել ու հենց մեր նիստի ժամանակ էլ դրանք կքննարկենք ու կհայտարարենք մեր անելիքների մասին: Մենք ունենք հռչակագիր ու հիմա մենք այդ հռչակագրում փոփոխություններ ենք մտցնելու»,-հայտարարեց նախկին փոխնախարարը:
Մեր դիտարկմանը, թե ազատամարտիկները միավորվել էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ, այժմ ինչ պետք է անեն, երբ Գ. Ծառուկյանը հրաժարվել է քաղաքականությունից, Գ. Մելքոնյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը եւս իրենք կտան մարտի 18-ի նիստի ավարտից հետո. «Մենք ոչ մեկի շուրջը չենք հավաքվել ու չենք էլ հավաքվելու, մենք համագործակցել ենք մարդկանց հետ: Մենք էլի համագործակցելու ենք այն մարդկանց հետ, ովքեր մեր երկրի լավն են ուզում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՊՈՒՏԻՆԻ «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒՇԱՆՈՒՄ Է
Միջազգային լրատվամիջոցները երեկ շարունակում էին քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` լրագրողների առջեւ եւ մասնավորապես` հեռուստաեթերում մեկ շաբաթից ավել չհայտնվելու, կամ որ նույնն է՝ նրա իսպառ անհետացման թեման: Իհարկե, մի պահ թվաց, թե ՌԴ նախագահն ի վերջո «հայտնվել» է, երբ նախագահական կայքում հաղորդագրություն տեղադրվեց այն մասին, որ նա հանդիպել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւի հետ: Սակայն այդ հանդիպման լուսանկարները եւս ռուսական լրատվամիջոցները կասկածի տակ առան: Մյուս կողմից՝ ռուսական լրատվամիջոցներում սկսեցին լուրեր հայտնվել այն մասին, որ Կրեմլն առաջիկա օրերին շատ կարեւոր հաղորդագրությամբ է հանդես գալու, բացառված չէ անգամ, որ այն այս հանգստյան օրերին տարածվի: Իսկ թե ինչ կարեւոր հաղորդագրության մասին է խոսքը, դեռեւս հայտնի չէ, կասկածներ կան, որ ՌԴ կառավարության կազմում լուրջ կադրային փոփոխություններ են նախատեսվում՝ ինչ-ինչ դավադրությունների բացահայտման ֆոնին: Ինչեւէ, ՌԴ նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ մարտի 16-ին նախատեսված է Վլ. Պուտինի եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հանդիպումը: Տեսնենք՝ այս անգամ գոնե տեսագրություն կտարածվի՞, թե էլի միայն լուսանկարներ կհրապարակվեն:

 

ՀՀ-ԵՄ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Երեկ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների: Հանձնաժողովի համանախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն է: Նշենք նաեւ, որ հանդիպմանը ներկա են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ երեկոյան պատգամավորները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

 

ՕԵԿ-Ի «Հ3»-ԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. փետրվարի 16-ին «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ- ի: «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դատարանից պահանջում է «Հ3»-ից հօգուտ իրեն բռնագանձել կես միլիոն դրամ: Ավելին՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն միջնորդել է հեռուստաընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Հայցը քննող դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարել է մասնակի եւ արգելանքը դրել է միայն հեռուստաընկերության գույքի վրա: Հիշեցնենք, որ «Հ3»-ը, որը հոկտեմբերից հեռարձակվում է նախկին «Երեւան» հեռուստաընկերության փոխարեն, պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:




Լրահոս