Մինչև չկտրենք արդարադատության ոլորտում արդար դատավորներ ունենալուն չնպաստող շղթան, այն միշտ շարունակվելու է: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին, անդրադառնալով ԱլԳ անդամ երկրներում արդարադատության համակարգում դատաիրավական բարեփոխումներին, այս մասին հայտարարեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝
Թևան Պողոսյանը նշեց, որ, ցավոք սրտի, Հայաստանում անկախ դատական համակարգի առումով մեծ խնդիրներ կան:
«Եվ այդ շղթան մինչև մի տեղից չկտրենք, միշտ շարունակվելու է, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են դատական համակարգը, իրենք իրենց այդ հոգեբանության կրողն են և այդ քաղաքական կամքը, որը այդքան կարևորում եք, չեն կարող ցուցաբերել: Որովհետև նրանք մի համակարգի մասնակիցներն են, որին հենց իրենք էլ նպաստել են, որ դատական համակարգը անկախ չլինի»,- հայտարարեց Թևան Պողոսյանը:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ խոսեց անկախ դատավորներ ունենալու երկու փուլանոց քայլերի մասին. առաջին՝ անկախություն գործադիր իշխանությունից: «Երկրորդ փուլով պետք է ուշադրություն դարձնենք, որ ձևավորվեն կորպորատիվ խաղի կանոններ, կախվածություն, որը նույնպես դատավորների անկախության համար խնդիր է»,- հայտարարեց ՕԵԿ պատգամավորը:
ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ լրջագույն սոցիալական խնդիրներ ունեցող երկրում, ըստ սոցիոլոգիական հարցումների, հանրության գերակշիռ մեծամասնությունը որպես առաջնահերթություն բողոքում է դատական համակարգի կոռուպցիայի մակարդակից:
«Ուստի Հայաստան-ԵՄ իրավահարաբերությունների կարգավորող փաստաթղթի հիմքում հիմնական շեշտադրումներից մեկը պետք է լինի արդարադատության անկախության խնդիրը»,- նշեց նա: