18 մարտ, Չինչին, Տավուշ – Այսօրվանից Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի երեխաները հիմնովին վերանորոգված մանկապարտեզ են հաճախելու:
Մանկապարտեզի ավելի քան 60 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունը վերանորոգվել ու կահավորվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ:
«Մենք հպարտությամբ ենք օգնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահ գյուղերին ու Չինչինի մանկապարտեզը գալիս է լրացնելու մեր մյուս ձեռքբերումները: 2014-ին մենք 5 բացօթյա մարզահրապարակ ենք կառուցել ու 2 մարզադահլիճ վերանորոգել ծրագրում ընդգրկված համայնքների դպրոցների աշակերտների համար»,- Չինչինի մանկապարտեզի բացմանն ասել է ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:
«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազամբաղադրիչ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
«Մեր մանկապարտեզին արված այս նվերը շատ բան է դեպի լավը փոխելու մեր կյանքում: Չինչինում երեխաներ կային, որոնք մանկապարտեզ չէին հաճախում հենց վատ պայմանների պատճառով, իսկ հիմա մենք արդեն 20 երեխա ունենք նախկին 14-ի փոխարեն»,- բացման արարողությանն ուրախությամբ նշել է Չինչինի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը:
Ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել նաեւ Չինչինի միջնակարգ դպրոցը, որի մարզադահլիճն ու բացօթյա մարզահրապարակը վերանորոգվել ու սպորտային գույքով են համալրվել անցած տարի, իսկ այս տարի գարնան սկզբին ավարտվել է դպրոցի արհեստների սենյակի վերանորոգումն ու կահավորումը, ինչի շնորհիվ դպրոցականները ավելի հարմարավետ պայմաններում կանցկացնեն տեխնոլոգիայի դասաժամերը, կզբաղվեն կարուձեւով եւ փայտամշակմամբ: