Այսօր սեպտեմբերի 9-ին կրակոց է հնչել Արմավիրի մարզում: Ժամը 18.30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի ընտրատեղամասից մոտ 100-150 մետր հեռավորության վրա տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում օպերատիվ-քննչական աշխատանքներ կատարելով պարզել են, որ մահացածը Ջանֆիդա գյուղի բնակիչ, 85-ամյա Հմայակ Պետրոսյանն է, ում կողքին հայտնաբերվել է նաեւ հրազեն: Ծերունին մահացել է մեկ կրակոցից եւ այս պահին ոստիկանությունը պարզում է հանգամանքները: Իսկ գյուղում Գ. Շամշյանին պատմել են, որ կամ ծերունին ինքնասպան է եղել, կամ տեղի ունեցածը սպանություն է, կամ պատահաբար կրակոցի արդյունքում՝ մահ: Վստահեցրել են նաեւ, որ կատարվածը կապ չունի ընտրությունների հետ: