Արարատում հայրն ինքնասպանության փորձ է արել և հրկիզել ավտոմեքենան, որ իր մահից հետո այն որդուն չմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 17-ին ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ` Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` 50-ամյա Վարդան Բ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: Բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվել է փրկել գյուղացիների ընդհանուր ուժերով, սակայն տեղացիները չեն բացառում, որ 50-ամյա Վարդանը կկրկնի ինքնասպանության փորձը:

Armlur.am-ի հետ զրույցում Բարձրաշեն համայնքի ղեկավար Սուրիկ Սարգսյանը հայտնեց, որ այրվող մեքենան առաջինը տեսել է Վարդանի ավագ որդու կինը և շտապ կանչել հարևաններին: Գյուղապետի խոսքով` մեքենայի հրդեհն այն աստիճան ուժգին է եղել, որ իրենք կարծել են, թե հարևանի տունը ևս կբռնկվի: Այս հանգամանքն ավելի վախեցնող է եղել, երբ իմացել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում կա և´ գազի բալոն, և´ բենզին:

Սուրիկ Սարգսյանը նշեց, որ ինքնասպանության դիմելու միակ հավանական դրդապատճառը Վարդանի և նրա որդու միջև եղած լարված հարաբերություններն են:

«Հայր ու որդի Երևանում են աշխատում` նույն ձեռնարկությունում: Ամեն օր միասին են վերադառնում աշխատանքից, երկուսն էլ` հոգնած: Վերջերս կրկին նրանց տանը վեճ ու կռիվ էր սկսվել, Վարդանին թաղայինի հետ կանչեցինք գյուղապետարան: Խոսեցինք հետը, հարցրինք` ինչու է այդ վիճակն ընտանիքում, որն է պատճառը, ասաց, թե որդուն խնդրում է, որ ինչ-որ բանով օգնի իրեն, հող մշակի, կոպիտ և գռեհիկ տոնով հրաժարվում է օգնել, անգամ հայհոյում է հորը: Ընտանիքի մայրն էլ մշտապես որդու կողքին է կանգնում, ամուսնուն ավելի է գետնին հավասարեցնում, ու Վարդանն էլ դրանից ավելի շատ է զայրանում: Նրանց մյուս որդին բանակում է ծառայում, ժամկետային զինծառայող է, դեռ ոչինչ չգիտի, ու լավ կլինի, եթե չիմանա երբևէ: Նրա ու մյուս որդու կնոջ հետ Վարդանի հարաբերությունները լավ են, ընդհարված չեն»,- իրավիճակը ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանը:

Վերջինս, շարունակելով խոսքը, ավելի արտառոց տեսարաններ ներկայացրեց: Պարզվում է` ինքնասպանության փորձ կատարած տղամարդն իր սեփական տանը, բառի լայն իմաստով, տեղ չունի: Ս. Խաչատրյանը պատմեց, որ երբ դեպքից հետո գնացել էր տուժողի տուն, նրա որդուն ինքը հարցրել է` որտեղ է հոր ննջարանը, որդին պատասխանել է, թե նա տեղ չունի և իրավունք էլ չունի այդ տանը տեղ ունենալու. «Հենց դռան առջև ինչ-որ թախտ են դրել, վրան մի բան գցել ու ասել` քնի: Հիմա էլ կինն ու որդին անընդհատ ասում են` որ գա տուն, ու մեզ հետ մի բան անի, չի՞ լինի նրան հոգեբուժարան տեղափոխենք: Մի՞թե դա հարազատի խոսք է: Ես ասում եմ` այսքան ժամանակ գոնե մեկ անգամ նրան այցելե՞լ եք հիվանդանոցում, ասում են` չէ, ինչի՞ համար գնանք, կամ գնանք` ի՞նչ անենք»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ երբ Վարդան Բ.-ն խմել է թույնը, կարծել է, թե միանգամից պետք է մահանա, իսկ մեքենան էլ, ինչպես ավելի ուշ պատմել է հենց ինքը` Վարդանը, այրել է, որպեսզի որդուն չմնա:

Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ իր համագյուղացու ներընտանեկան խնդիրը կարող է լուծվել միայն մեկ դեպքում, եթե ավագ որդին ու հարսը տեղափոխվեն ուրիշ տեղ ապրելու:

Տուժողն այս պահին գտնվում է Երևանում` «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այստեղից մեզ հայտնեցին, որ, հնարավոր է, նա այսօր դուրս գրվի հիվանդանոցից: Իսկ տեղի ունեցածի հետևանքով նրա մոտ շնչահեղձություն է եղել և թունավորում: Այրվածքներ չի ստացել:




Լրահոս