Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ, որի ժամանակ էլ որոշում է կայացվել խմբակցության քարտուղար նշանակել Վահե Էնֆիաջյանին, իսկ ղեկավար` Նաիրա Զոհրաբյանին:
ԲՀԿ մամուլի խոսնակի պաշոնակատար Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին մասնակցել է 19 պատգամավոր, բացակայել են երկուսը` Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը:
«Ես տեղյակ չեմ, թե ինչու չեն մասնակցել նիստին»,-ասաց Վ. Բաբայանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ` խմբակցությունը ստացել է 11 պատգամավորի դիմում, ովքեր դիմել են կուսակցությունից դուրս գալու համար:
Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանի դիմումին, Վ. Բաբայանն ասաց, որ այս պահին դիմում չկա, բայց հաշվի առնելով նրա հրապարակային ելույթը` որոշում է կայացվել անցկացնել խմբակցության ղեկավարի նոր ընտրություններ:
«Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարել է, որ որևէ առնչություն չի ունենալու ԲՀԿ-ի հետ, և հրաժարվել է թե´ կուսակցության, թե´ խմբակցության ղեկավարի պաշտոնից, ուստի` հիմք ընդունելով այդ հայտարարությունը և ԱԺ կանոնակարգի 14-րդ կետը` որոշել ենք խմբակցության ղեկավար ընտրել Նաիրա Զոհրաբյանին»,-ասաց նա:
Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից և մտադրվել «Քաղաքացիական շտաբ» անվամբ նոր նախաձեռնություն ստեղծել: