ԵՄ-ն աջակցում է սևծովյան ավազանի տարածաշրջանում զբոսաշրջային փաթեթների ստեղծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության աջակցությամբ չորս երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան, մշակել են Տարածաշրջանային այցելուի («ՏԱՄ» փաթեթ) միասնական փաթեթ: Այն ընդգրկում է տուրիստական շուրջ տասը երթուղի: Նշված երկրների զբոսաշրջային գործակալությունները սույն թվականի մայիսի 1-ից հնարավորություն կունենան վաճառելու «ՏԱՄ» փաթեթը: Այսինքն՝ աշխարհի բոլոր անկյուններից զբոսաշրջիկները կարող են այցելել այս չորս երկրներ մեկ միասնական փաթեթով՝ նախապես ընտրելով, թե ինչ են ցանկանում տեսնել: Հեյֆեր Հայաստանի տնօրեն, ծրագրի տարածաշրջանային համակարգող Անահիտ Ղազանչյանը նշեց, որ մշակված երթուղիները տարբեր են: Բոլոր չորս երկրներում կարելի է ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությանը, ընտրել համադամ ուտեստներին, թռչնաշխարհին կամ սևծովյան տարածաշրջանի ծովերին ու լճերին ծանոթանալու երթուղի և այլն:

«ՏԱՄ» փաթեթը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռքբերումը:

Փաթեթի շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 19-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Շնորհանդեսը կազմակերպել էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հեյֆեր Հայաստանը (Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղ):

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, Եվրամիությունը շատ հետաքրքրված է այս ոլորտում աջակցություն ցուցաբերել Հայաստանին. «Այս ծրագիրը գյուղական զբոսաշրջության զարգացման ոլորտում Եվրոպական միության աջակցության շատ լավ օրինակ է: Թեև ծրագիրը դեռ չի ավարտվել, սակայն հաջողություններն արդեն ակնառու են: Հատկանշական է, որ այս ծրագիրը կյանքի է կոչվում տարածաշրջանային համագործակցության միջոցով: Հայաստանը, Թուրքիան, Բուլղարիան և Վրաստանը ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ծրագրի իրականացմանը, այլև հետագայում էլ համագործակցելու են ծրագրի արդյունքների զարգացման ուղղությամբ»:




Լրահոս