13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ ՇԱՌ Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել 38-ամյա Աստղիկ Խ.-ին` սուտ մատնություն կատարելու համար. վերջինս ասել էր, թե իր ծանոթներից մեկը` Ռուդոլֆ Խ.-ն, փորձել է իրեն բռնաբարել:
Աստղիկը 2011թ. հունիսի 16-ին ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում, իր ծանոթ Ռուդոլֆ Խ.-ն Երեւանի Արագածի 6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի համարներից մեկում, իբր իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, փորձել է բռնաբարել իրեն: Սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա ծանր հանցանքի մեջ է մեղադրում իր նախկին սիրեկանին, եւ քրեական գործն արդեն դատարան է մտել սուտ մատնության մեղադրանքով, Աստղիկն էլ` մեղադրյալի կարգավիճակով: 
Վերջինս դատարանում չի ընդունել մեղքը եւ ասել է, որ Ռուդոլֆի հետ ծանոթացել է 2007 թ-ին, դրանից հետո 1-2 անգամ պատահական հանդիպել է տարբեր միջոցառումների ժամանակ: Իսկ երբ իրեն ընկերություն անելու առաջարկ է արել, ինքը հրաժարվել է` պատճառաբանելով, որ ամուսնացած տղամարդու հետ չի կարող ընկերություն անել: Միջադեպի օրն իրենց ընդհանուր ծանոթի հեռախոսահամարը ճշտելու նպատակով զանգել է Ռուդոլֆին, զրուցել, հետո վերջինիս առաջարկով հանդիպել են ու գնացել Պռոշյան փողոցում գտնվող սննդի օբյեկտներից մեկը` հաց  ուտելու: Հաց են կերել, հետո գնացել Շենգավիթ համայնքի օբյեկտներից մեկի փակ համար` սուրճ  խմելու: Սուրճ ու շամպայն են խմել, հետո իբր Ռուդոլֆն իրեն գցել է մահճակալի վրա, ագրեսիվ ձեւով հարձակվել իր վրա ու փորձել բռնաբարել: Իսկ ինքը սկսել է դիմադրել, բարձր բղավել, ինչի համար Ռուդոլֆն իբր իրեն ապտակել է, բայց  հետո սթափվել է ու չի բռնաբարել, սակայն ներողություն էլ չի խնդրել: Մինչդեռ  օբյեկտի հավաքարարն ասում է` տնքոց էլ լիներ, կլսեինք, ուր մնաց` ,բռնաբարվողըե երկու ժամ բղավեր, իրենք չլսեին: Ինչպես երեւում է տուժողի եւ վկաների ցուցմունքներից` Աստղիկը կատաղել է այն բանից հետո, երբ իր ընկեր Ռուդոլֆի հետ անկողնում սիլի-բիլի անելուց հետո վերջինս իր գրպանի փողը մատուցողուհուն է տվել եւ ոչ իրեն:
Դրանից հետո էլ Աստղիկը կարծել է, թե Աբովյանում է, բայց չգիտես ինչու` զանգել է Ավանի ոստիկանություն եւ խնդրել, որ այնտեղից զանգեն Աբովյանի ոստիկանություն եւ գնան “Լյուքս” հյուրանոցային համալիր, որտեղ իբր իրեն փորձել են բռնաբարել: 
Սակայն ոստիկանությունից նրան ասել են, որ Աբովյանում այդպիսի անվանումով օբյեկտ չկա: Ու Երեւանի Շենգավիթի ոստիկաններն են գնացել Աստղիկի հետեւից` բաժին տանելու եւ նրանից հաղորդում ընդունելու:  
Տուժող Ռուդոլֆն էլ դատարանում պատմել է, որ Աստղիկն իր սիրուհին է եղել:  Միասին գնացել են Սեւան, Գառնի… ժամանակ անցկացրել: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում չեն հանդիպել, քանի որ ժամանակը եւ ֆինանսները չեն բավարարել: Իսկ միջադեպի օրը պայմանավորվել եւ գնացել են Պռոշյանում գտնվող սննդի օբյեկտներից մեկը, որտեղ հաց են կերել եւ մեկ շիշ օղի խմել: Այնտեղ Աստղիկն իրենից գումար է խնդրել, սակայն ինքը պատասխանել է, որ շատ գումար չունի եւ հաշիվը փակելուց հետո իր մոտ մնացած գումարը կտա նրան: Բայց հաց ուտելուց հետո գնացել են Շենգավիթի հյուրանոց, 2 ժամ այնտեղ մնացել, սուրճ, հյութ, շամպայն են խմել, միրգ կերել: Աստղիկը մեկ բաժակ շամպայն ըմպելուց հետո գնացել, լոգանք է ընդունել ու հետո իր կամքով պառկել անկողնում: Ռուդոլֆն էլ է նրա օրինակին հետեւել, հետո էլ հաշտ ու համերաշխ սեռական հարաբերություն են ունեցել: Իսկ երբ Ռուդոլֆի տան անդամները զանգահարել են, եւ զույգը ստիպված է եղել լքել օբյեկտը, Աստղիկը մտել է լոգարան, իսկ Ռուդոլֆը կանչել է մատուցողուհուն եւ խնդրել բերել հաշիվը: Լոգարանից դուրս գալու պահին ներս է մտել մատուցողուհին եւ բերել 12.000 դրամ հաշիվը: Ռուդոլֆի պատմելով` ինքը գրպանից հանել է 13.000 դրամ եւ դրել մատուցողուհու բերած ,պապկայիե մեջ: Սակայն այդ պահին Աստղիկը միանգամից հարձակվել է մատուցողուհու վրա, նրա ձեռքից վերցրել ,պապկանե, հանել գումարը եւ սկսել հիստերիկաբար բղավել Ռուդոլֆի վրա, թե ինչու գումարն իրեն տալու փոխարեն տալիս է մատուցողուհուն: 
Աստղիկի նման պահվածքից Ռուդոլֆն անակնկալի է եկել եւ խնդրել մատուցողուհուն` դրսում սպասել: Վերջինիս  դուրս գալուց հետո խնդրել է Աստղիկին հանգստանալ, ապա մատուցողուհու հետեւից դուրս եկել բակ, նրանից ներողություն է խնդրել, գրպանից կրկին հանել 13.000 դրամ եւ տվել մատուցողուհուն: Սակայն այդ պահին սենյակից  դուրս է եկել Աստղիկը, կրկին հիստերիկաբար հարձակվել մատուցողուհու վրա եւ սկսել քաշքշել նրան` ,մուննաթե գալով, թե ինչու է վերցնում գումարը: Այդ ժամանակ գումարով ,պապկանե մատուցողուհու ձեռքից ընկել է գետնին եւ թղթադրամները թափվել են, որից հետո Աստղիկը չոքել եւ սկսել է գետնից հավաքել թափված դրամները: Ընկած դրամները վերցնելու համար նա նույնիսկ մտել է այդտեղ կայանված ավտոմեքենայի տակ: Ռուդոլֆը ստիպված է եղել երրորդ անգամ վճարել մատուցողուհուն, որից հետո փորձել է հանգստացնել Աստղիկին, առաջարկել է տուն տանել, սակայն նա հրաժարվել է եւ շարունակել անհեթեթ արտահայտություններ անել, վիրավորել իրեն, մատուցողուհուն եւ աղմուկի վրա դուրս եկած հյուրանոցի աշխատակիցներին: Վերջիններս փորձել են հանգստացնել Աստղիկին, բայց ապարդյուն: Ականատեսներն ասում են, որ Աստղիկը լավ խմած է եղել:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս