Արցախի երիտասարդական կազմակերպությունները հայտարարություն են տարածել` էթնիկ հողի վրա կատարած մարդասպանության հերոսացման կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
“Մենք` Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում 2004 թ. Բուդապեշտում քնած հայ սպային դաժանորեն կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձման, ներման եւ հերոսացման վերաբերյալ: Նախքան մեր դիրքորոշումը հայտնելը շուրջ մեկ շաբաթ ուշի-ուշով հետեւելով միջազգային կազմակերպությունների եւ պետությունների արձագանքներին, ինչպես նաեւ փաստելով, որ Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակության այս հայատյաց գործողությունները նորություն չեն մեզ համար, ողջունելով տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի եւ Հունգարիայի գործողությունների դատապարտումը, միեւնույն ժամանակ համոզված ենք, որ միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն նման դեպքերը բացառելու համար. ուստի կոչ ենք անում՝
1. Ադրբեջանի ֆաշիստական վարքագիծը դատապարտող երկրներին եւ կազմակերպություններին`
Դադարեցնել համագործակցությունը մարդասպանին հերոսացնող ադրբեջանական բոլոր կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ:
2. Ադրբեջանին զենք վաճառող երկրներին`
դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական Ադրբեջանին, քանզի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության դեմ: Էթնիկ հողի վրա կատարած սպանությունը հերոսացնող երկրին զենք վաճառելը համարժեք հանցագործություն է:
3. Միջազգային կազմակերպություններին եւ երկրներին`
հաստատել/ակտիվացնել հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների եւ Արցախի հասարակության հետ` ընդհուպ մինչեւ ԼՂՀ ճանաչում` Արցախի ժողովրդի անվտանգության եւ այլ հիմնարար իրավունքների ապահովման համար”:
Հայտարարությունը ստորագրել են “Ազատ Հայրենիք” կուսակցության երիտասարդական թեւը, “Արցախակերտում” նախաձեռնությունը, “Արցախի երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցություն” ՀԿ-ն, “Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն” ՀԿ-ն, “Արցախի Ժողովրդավարական կուսակցության” երիտասարդական թեւը, “Դաշնակցություն” կուսակցության երիտասարդական թեւը, “Զեփյուռ” ՀԿ-ն, “Ինչ, որտեղ, երբ” ՀԿ-ն, “Կամք” ՀԿ-ն, “Հայ երիտասարդների ակումբ” ՀԿ-ն, “Հայկի Սերունդ” ՀԿ-ն, “Հայրենյաց պաշտպան” ՀԿ-ն, “Ստեփանակերտի երիտասարդ քաղաքագետների ակումբը”: