ՀՀ-ից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, ապա` Ռուսաստանին. ԵՄ պաշտոնյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը նշեց, թե երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, ենթադրություններ եղան, որ ԵՄ հետ բանակցությունները կավարտվեն։

«Բայց դրանք միայն ենթադրություններ են, ու ենթադրությունները սխալ էին»,-ընդգծեց նա և հավելեց, որ Հայաստանից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, ապա նոր միայն` Ռուսաստանին:

«ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է: Եվրոպան ՀՀ-ին տրամադրել է 140-170 մլն դոլար, ընդ որում` ոչ թե վարկի տեսքով, այլ՝ դրամաշնորհի»,- ասաց Մարտինսը` հավելելով, որ ԵԽ-ն պետք է շուտով որոշում կայացնի ՀՀ հետ բանակցելու նոր մանդատի շուրջ։

Նիստը վարող Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե հայաստանյան շատ ապրանքատեսակների համար Եվրոպայի շուկան մնում է ոչ հասանելի: Նա նշեց, թե Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ ռազմավարական շահերից ելնելով։

«Մեր առևտրատնտեսական կառուցակարգերն այսպիսին են, իսկապես մեր առևտրի մեկ երրորդը ԵՄ շուկաներին է բաժին ընկնում, բայց պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, թե մեր որ ապրանքատեսակներն են վաճառվում ԵՄ-ում»,-ասաց Ֆարմանյանը և նշեց` դրանք հիմնականում հանքահումքեր են:




Լրահոս