Փարաքարցի կնոջը սպանել են դանակի 55 հարվածով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փարաքար գյուղում փետրվարի 5-ին կատարված սպանությունն իր դաժանությամբ համեմատելի է թերեւս միայն գյումրեցի ընտանիքի սպանդի հետ: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, սպանվածի՝ Անահիտ Զաքեւոսյանի մարմնին կտրող-ծակող գործիքով հասցվել է 55 հարված: Քրիստոսի տանջանքներ տարած զոհի ամուսինը, որն ընտանիքին պատկանող փոքրիկ մթերային խանութը փակելուց հետո տուն է վերադարձել, ննջասենյակում արյունլվա կնոջը հայտնաբերելով՝  շոկի մեջ է ընկել:

Առաջին պահին նա չի ընկալել կատարվածը: Զանգահարել է ազգականներին եւ հայտնել, որ Անահիտն արյունահոսում է: Հետո արդեն, հավաքվելով սպանված կնոջ շուրջ, հարազատները բացահայտել են, որ կինը դանակահարված է: Նրա ձեռքին խոհանոցային դանակ է եղել: Ազգականների պնդմամբ, որոնք երեք օր առաջ՝ մարտի 17-ին, հավաքվել էին կնոջ քառասունքին, Անահիտը պատրաստվել է խմորեղեն կտրել դանակով: Մահից առաջ նույնիսկ զանգահարել է բարեկամներից մեկին եւ ասել, որ հիմա կվերցնի նրա սիրած խմորեղենը եւ հյուր կգա: Բայց դանակը բոլորովին այլ  նպատակի է ծառայել: Զոհը փորձել է դիմադրել եւ ինքն էլ է վնասել մարդասպանին, որը, դեպքի վայրից փախչելով, արյան հետքեր է թողել այդտեղ:

Փարաքարցիները պատմում են, որ զոհի տնից մոտ 50 մետր հեռավորության վրա եւս արյան հետքեր են եղել, որոնք կորել են մոտակա ՃՈ անցակետում: Սրանից մարդիկ եզրակացրել են, որ հանցագործը ոտքով հասել է այնտեղ, ապա ավտոմեքենա է նստել: Տան իրերից ոչինչ չի պակասել: Սպանված կնոջ գրպանում 50 հազար դրամից ավելի գումար է եղել: Նշանակում է՝ մարդասպանը գողության նպատակ չի ունեցել: Փարաքարցիները որոշել են, որ հանցագործության դրդապատճառը վրեժն է եղել, բայց սպանվածի հարազատները պնդում են, որ Անահիտ Զաքեւոսյանը եւ նրա ամուսինը խաղաղ մարդիկ էին, ոչ մեկին վատություն չէին արել եւ թշնամիներ չունեին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս