Հայաստանի որոշելիքն է, թե ինչպես է նա պատրաստվում դիրքավորվել, բայց կարծում եմ, որ հնարավորություն կունենանք լայն ոլորտներով համագործակցել Հայաստանի հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության վեհաժողովի 15-րդ նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այս մասին նշեց նիստը նախագահող Սաջադ Քարիմը:
«Դա ինքնիշխան որոշում է, և մենք շարունակելու ենք աշխատել` հիմնվելով համարժեք հայացքների վրա», – նշեց նա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` նա նշեց, թե իրենք բացարձայապես հանձնառու են մնում` սատարելու ԵԱՀԿ-ին և Մինսկի գործընթացը:
«Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին: Մենք հանձնառու ենք անելու այն, ինչ կարող ենք անել, որպեսզի կարողանանք քաջալերել բոլոր կողմերին, որպեսզի քայլեն այս ուղղությամբ», – նշեց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե պաշտոնյան ե՞րբ է եղել վերջին անգամ Ադրբեջանում, ի՞նչ տպավորություն է ստացել և ինչո՞ւ է իրեն իրավունք վերապահում ԼՂՀ որոշ շրջաններ հանձնելու հնարավորության մասին խոսել, միջամտեց հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը:
Նա նշեց, թե չպետք է տարընթերցում լինի, քանի որ ԵՄ ներկայացուցիչը ոչ թե առաջարկել է, այլ ընդամենը փոխանցել Թուրքիայի այն տեսակետը, որի մասին բոլորը գիտեն:
«Դա կարող է ձեզ զարմացնել կամ չզարմացնել, ես առաջին անգամ է, որ այցելում եմ, այս տարածաշրջան և ՀՀ-ն առաջին երկիրն է, որ երբևէ այցելել եմ: Վաղը հեռանալու եմ դրական արդյունքներով: Կհեռանամ շատ ավելի հստակ ընկալմամբ ձեր երկրի մասին, հուսով եմ, որ սա թույլ կտա ինձ իմ պատվիրակության ղեկավար աշխատանքում սատարել այն մեխանիզմներին, որ կան ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերություներում»,-ասաց Քարիմը: