ԻՆՉ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների մասով քաղաքական դաշտում իսկական խառնաշփոթ է ստեղծվել: Սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացն այլեւս դարձել է գործիք, որով ոչ իշխանական ուժերը սկսել են պայքարել մեկը մյուսի դեմ: Սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ լինելով՝ ոչ իշխանականները բնորոշում են մյուս քաղաքական ուժերի, իրենց կարծիքով, ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը:

Սահմանադրական փոփոխութուններին դեմ արտահայտվողների հիմնական փաստարկն այն է, որ Սերժ Սարգսյանն այդ գործընթացը նախաձեռնել է սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Իրականում իշխանության վերարտադրման տեսնակյունից կապ չունի, թե Սահմանադրությունն ինչպիսին է. վերարտադրման գործընթացն ինքնին հակասահմանադրական եւ հակաիրավական է: Իրականում Սերժ Սարգսյանը, ցանկանալով Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր դարձնել, փորձում է խուսափել իշխանությունն այլ իշխանական ուժի կամ անձի հետ կիսելուց:
Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերն օրերս հայտարարեցին, թե իրենք այնպես են անելու, որ սահմանադրական հանրաքվեն վերածվի Սերժ Սարգսյանի վստահության քվեարկության: Առաջին հայացքից թվում է, թե գործող մոդել է: ՀՀ բնակչության առնվազն 80 տոկոսը զզված է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունից: Ուստի, թվում է, որ եթե մարդիկ համընդհանուր լծվեն այդ գործին, ապա սահմանադրական հանրաքվեն հնարավոր կլինի տապալել: Սակայն իրական կյանքում այդ մոտեցումն անհնար է իրագործել: Կասկածից վեր է, որ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իշխանությունները գործի կդնեն ընտրությունների կեղծման համակարգը: Այդ համակարգը կգործի ըստ հակաքարոզչության ուժգնության: Այսինքն՝ որքան հզոր լինի հակաքարոզչութունը, այնքան ընտրությունների կեղծման ավելի շատ գործիքներ կօգտագործվեն: Հակաքարոզչությունն ի սկզբանե դատապարտված է, քանի որ մարդիկ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկելով՝ պետք է հակադրվեն իշխանություններին ու նրանց հրահանգով գործող թաղային կրիմինալին: Ընտրողը ռիսկի է դիմում այն ժամանակ, երբ համոզված է, որ իր քվեով հնարավոր է՝ իշխանափոխություն լինի: Իսկ այն դեպքերում, երբ ընտրողը գիտի, որ իր ըմբոստությունն առնվազն անմիջական արդյունք չի ունենալու, եւ քվեարկության հաջորդ օրն իրենից կարող են «հաշիվ պահանջել», նա նախընտրում է ռիսկի չդիմել: Հենց այս գործոնով է պայմանավորված նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների պահվածքի տարբերությունը` առաջինի դեպքում՝ ակտիվ եւ պայքարող, երկրորդի ժամանակ՝ պասիվ եւ հարմարվող:
Իհարկե, ընտրողների՝ քաղաքականապես ակտիվ մի փոքր մասը հակաքարոզչության ազդեցությամբ կգնա եւ դեմ կքվեարկի, բայց քաղաքականապես պասիվ մասը, որը քաղաքական գործընթացների մասին տեղեկանում է ընտրությունների ժամանակ միայն, կանի այն, ինչ իրեն կասեն թաղային «իշխանիկները»: Ավելին՝ իշխանությունները կարող են առիթից օգտվել եւ ընտրությունների կեղծման լծակներն ողջ ուժով չկիրառելով՝ հանրաքվեն դարձնել Սերժ Սարգսյանի «վստահության» գործընթաց, որից նա մշտապես զրկված է եղել: Սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության միակ արդյունքը կլինի այն, որ ընդդիմությունը հերթական անգամ կարձանագրի, որ իշխանությունները կեղծեցին եւ արեցին իրենց ուզածը, ինչը մարդկանց մոտ հիասթափության հերթական ալիքը կբարձրացնի, նույնիսկ նրանց շրջանում, ովքեր չհամարձակվելով հակաճառել՝ կողմ քվեարկած կլինեն:
Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, մինչ այս իշխող ՀՀԿ-ից բացի, հրապարակային աջակցություն էր հայտնել ՀՅԴ-ն եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված իր տեսակետներն էր ներկայացրել իշխանություններին: Մարտի 12-ին նախագահական նստավայրում կազմակերպած «ֆոտոսեսիայից» հետո հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ի «կլանածներից» բացի՝ այլ մարդ-կուսակցություններ եւս կսատարեն սահմանադրական փոփոխությունները: ՀՅԴ-ն եւ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող մյուս քաղաքական ուժերը Հայաստանին օգուտ տված կլինեն, եթե կարողանան հասնել այն բանին, որ այս գործընթացի արդյունքում ընտրությունների կեղծման հիմնական գործիքների չեզոքացման ուղղությամբ եւս քայլեր կատարվեն: Թվում է, թե մեկը մյուսի հետ կապ չունեն, բայց իրականում այս փուլը ամենահարմարն է՝ այդ խնդիրները լուծելու համար: Հայտնի է, որ ընտրությունների կեղծման հիմնական գործիքը ընտրողների ցուցակն է, որում ընդգրկված մարդկանց թիվն այժմ ավելի մեծ է, քան ՀՀ ողջ բնակչությանը: Ընտրողների ցուցակի «մաքրումը» եւ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը կվերացնի ընտրությունների կեղծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Ընտրությունների ապահովագրման գործիք կարող է լինել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարումն ընդդիմությանը հանձնելը: Արդյոք ՀՅԴ-ն եւ ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերը կարող են Սերժ Սարգսյանին համոզել, որ իրենց աջակցության դիմաց նա ինչ-որ զիջումների գնա, ապա նրանց մասնակցությունը կարող է ինչ-որ իմաստ ունենալ, մնացած բոլոր դեպքերում «կողմնակի» մասնակցությունը դառնում է անիմաստ:
Սահմանադրական փոփոխություններին կողմ եւ դեմ կողմերից բացի՝ Հայաստանի հանրության մի մասն էլ այդ գործընթացի նկատմամբ լիարժեք անտարբեր է: Այս խումբը, թերեւս, ամենամեծն է եւ իր մեջ ներառում է Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնությանը: Իսկ քանի որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները դեմերին են քարկոծում, դեմերը` կողմերին, արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ ամենանպաստավոր վիճակում հայտնվել են «անտարբերները», որոնք այս «գզվռտոցից» դուրս են մնացել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ
Երեկ խորհրդարանում «Եվրանեսթ»-ի վեհաժողովի քննարկումների ժամանակ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուկ դե Վինյը, խոսելով Հայաստանի ինտեգրացիոն ուղղության մասին, ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Նա մասնավորապես ասաց. «Մենք չէ, որ ընտրում ենք ինտեգրացիոն ուղղություն, մենք առաջարկում ենք համաձայնագիր: Ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրումը բարեկամության նման մի բան է, իսկ ԵՏՄ-ին անդամագրումը՝ ամուսնության նման մի բան: ԵՄ համաձայնագիրը, օրինակ, թույլ էր տալիս Հայաստանին իր` նախկինում կնքած համաձայնագրերը պահպանել: Ինչո՞ւ Հայաստանին հնարավորություն չտվեցին դա անել այլ երկրների պարագայում, չէ՞ որ դա բխում էր Հայաստանի շահերից, ոչ թե ԵՄ երկրների շահերից: ԵՄ-ն առաջարկել էր այդ համաձայնագիրը, բայց Հայաստանը վերջին պահին նախընտրեց գնալ Մաքսային Միություն»: Այսքանից հետո էլ անգամ պարզվում է՝ ԵՄ-ն Հայաստանից «ձեռք չի քաշել»: Ըստ Լյուկ դե Վինյի՝ իրենք պատրաստվում են Հայաստանի հետ սկսել նոր բանակցություններ՝ համաձայնագրի նոր տարբերակի շուրջ:

 

ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 683 հազար 197: Հանրապետության կտրվածքով անասունների գլխաքանակը 2014-ի հունվարի 1-ի համեմատ աճել է 1.8 տոկոսով: Սակայն առանձին մարզերում անասունների գլխաքանակը նվազել է: Կոտայքի մարզում նվազել է 3.4, Երեւանում՝ 27.7, իսկ Լոռիում՝ 1 տոկոսով: Լոռու մարզում նվազել է նաեւ խոզերի գլխաքանակը` 10,6 տոկոսով, ինչը հաստատում է անցած տարի տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ նշված մարզում հիվանդությունների պատճառով խոզի գլխաքանակի անկում է արձանագրվել:

 

ԲԱՆԱԼԻՆԵՐՈՎ՝ ԱՉՔԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին «Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա» է դիմել Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի մի բնակչուհի եւ խնդրել շտապ օգնեն իրեն: Աչքի լուրջ վնասվածք ստացած 32-ամյա կինը պատմել է, որ շենքի բակում վիճել է իր հարեւանուհի Կարինեի հետ, որն աշխատում է չգործող «Էյր Արմենիա» ավիաընկերությունում որպես բորտ-ուղեկցորդուհի: Կանայք քաշքշել են միմյանց, ճանկռել, հայհոյել, այնուհետեւ Կարինեն տան բանալիների մեծ խրձով հարվածել է «հակառակորդի» դեմքին եւ վնասել նրան:

 

ՈՏՔԸ ԿՈՏՐԵԼ Է
Armlur.am-ի տեղեկություններով` ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանապետը «չղջիկներին» (Վարդենիսում այդպես են ասում ոսկու հանքաքար գողացողներին) վնասազերծելիս վազել է նրանց հետեւից եւ անզգուշաբար վայր ընկել, ինչի հետեւանքով նրա ոտքը երեք տարբեր տեղերից կոտրվել է: Ու չնայած ոստիկանապետի այս «սխրանքին»՝ հանքագողերին բռնել չի հաջողվել: Հիշեցնենք, որ Համլետ Ղամբարյանը Վարդենիսի ոստիկանապետ է նշանակվել փետրվարի 23-ին:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԲԱՆԿԱՅԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Նա ընդգծել է, որ հաշվի առնելով ՀՀ-ի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը, արդեն ձեւավորված պորտֆելը՝ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար: Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է ՀՀ հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի ՀՀ-ի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա:

 

ՀԱՐԳԵԼ ԵՆ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստի մասնակիցները երեկ ՀՀ-ի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ
Հայաստան-Եվրամիություն համագործակցության շուրջ խորհրդակցույթունները եզրափակիչ փուլում են: Այդ մասին երեկ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը։ «ՀՀ-ը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում», – նշել է Նալբանդյանը` պարզաբանելով, որ Եվրամիության հետ պատրաստվող նոր համաձայնագիրը ներառելու է այն ոլորտները, որոնք չեն հակասում Եվրասիական միությանը։

 

ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ
Արեւելյան գործընկերության՝ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին երեկ քննադատել է ՀՀ-ում անցկացվող ընտրությունները եւ նշել, որ շատ դեպքերում դիտորդներն աչք են փակել խախտումների վրա։ «Երբ պատգամավորները չեն ընտրվում ազատ ընտրությունների արդյունքում, չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով, եւ նրանց ընդունած օրենքները չեն կարող լինել արդարացի։ Պետք է պահպանեք եվրոպական արժեքները եւ քաղաքական խաղեր չխաղաք ընտրությունների հետ», – ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում ասել է Բոբինսկին։

 

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Սահմանադրական փոփոխությունները չեն խոչընդոտի Սերժ Սարգսյանին վարչապետ կամ նախագահ առաջադրվել: Այս մասին երեկ «Ազատությանն» ասել է ԱԺ նախագահ Գ. Սահակյանը. «Հայտարարությունը հետեւյալն է՝ այն մոդելը, եթե իր սրտով չլինի, չի առաջադրվի։ Եթե կառավարման մոդելը մնաց կիսանախագահական կամ նախագահական, ինքը չի առաջադրվի»։ Հարցին՝ այսինքն փոփոխությունները չեն փակո՞ւմ Սերժ Սարգսյանին վարչապետ կամ նախագահ առաջադրելու դուռը, Սահակյանը պատասխանել է. «Իհարկե, դա արդեն կուսակցության խնդիրն է, յուրաքանչյուր կուսակցություն ինքը կարող է որոշել»։




Լրահոս