ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր սցենարներ են մշակվում: Դրանցից ամենակարեւորն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը մե՛րթ ընդդիմադիր է խաղում, մե՛րթ իրեն հռչակում այլընտրանքային ուժ, մե՛րթ էլ, զգալով Սերժ Սարգսյանի կողմից իր «քցվածությունը», մերձենում է Ռոբերտ Քոչարյանին:
Ու մինչ շատերը խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն եւ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, ԲՀԿ-ն արդեն կուլիսներում քննարկել եւ հաստատել է մի սցենար, որը, իհարկե, այդ կուսակցությունն առայժմ հրապարակավ ժխտում է: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ Բալասանյան Սամվելն իրենց՝ ՀՀԿ թեկնածուն է, ԲՀԿ առաջնորդը, հայտնվելով անհարմար վիճակում, որոշեց «վա բանկ» գնալ եւ առաջիկա ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Համենայնդեպս, Ծառուկյանը ՀՀԿ մի քանի «բերանբաց» երիտասարդների մոտ հաստատել է իր այդ մտադրությունը:
Բայց սա չի նշանակում, թե Ծառուկյանի կուսակցությունը «քաշում» է Քոչարյանին եւ չի կատարում նրա առջեւ ունեցած իր պարտականությունները: «Բարգավաճ Հայաստան»-ը երբեք չի կարող հեռու լինել Քոչարյանից, որովհետեւ սա նրա ստեղծած կուսակցությունն է եւ ամեն հարցում կատարում է քոչարյանական «դիրեկտիվները»: Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ այնքան էլ մեծ չեն իր հնարավորությունները նախագահական ընտրություններում, որ չունենալով համապատասխան քաղաքական եւ հանրային ռեսուրս՝ ինքը կարող է պարտվել, ինչը նրա համար քաղաքական մահ կնշանակի: Ուստի առաջ է քաշվել «պահուստային» տարբերակը, որն առավել հուսալի է: Ըստ այդմ՝ նախագահի թեկնածու կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը: Հանրության շրջանում նա քիչ թե շատ ունի հեղինակություն, մեծ ֆինանսական հնարավորություններ եւ վստահելի լծակներ՝ հաղթանակի համար:  
Չի բացառվում, որ Քոչարյան-Ծառուկյան-Օսկանյան եռյակը, ստանալով նաեւ այլ ուժերի աջակցությունը, կարողանա հասնել իր նպատակների իրագործմանը: Իսկ այս դեպքում արդեն Ծառուկյանը մտադիր է վարչապետի պաշտոնում հաստատել Ռոբերտ Քոչարյանին: ՀՀ Սահմանադրությամբ ընդլայնվել են վարչապետի գործառույթները, նա ունի անսահմանափակ իշխանություն: Հենց սա էլ հնարավորություն կտա Քոչարյանին ողջ իշխանությունը հավաքել իր բռի մեջ եւ աստիճանաբար վերաձեւումներ կատարել նաեւ խորհրդարանում:
Եւ քանի որ հայաստանյան խորհրդարանն արդեն ունի տրանսֆորմացիայի մեծ փորձ (հիշենք, թե ինչպես հաշվված ժամերի ընթացքում փլուզվեց «Հանրապետություն» միավորումն ու դարձավ հզոր «Երկրապահ»), Քոչարյան-Ծառուկյան զույգը համոզված է, որ կկարողանա խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել: Ծրագրված է կյանքի կոչել մոտավորապես այն սցենարը, ինչը կյանքի կոչվեց 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Հիշենք, որ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահի պաշտոնակատար, ապա՝ նախագահ:
Հենց այս ծրագիրն է դրված ԲՀԿ գործունեության հիմքում, ինչը, իհարկե, կուսակցությունում չեն հաստատում՝ գուցե մտավախություն ունենալով, որ Սերժ Սարգսյանի հետ հերթական հանդիպումից հետո, հնարավոր է, ամեն ինչ գլխիվայր շուռ գա:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս