Տիգրան Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբ»-ն արդեն գրասենյակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից հիմնած «Քաղաքացիական շտաբ»-ը պատրաստվում է համագումարի, որը պետք է տեղի ունենա ապրիլի վերջին` ապրիլի 24-ից հետո: Պարզվում է` «Քաղաքացիական շտաբ»-ն արդեն իր գրասենյակն ունի, որը գտնվում է Երեւանի կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ նրա նախաձեռնած շտաբը սկսի գործել, հնարավոր է՝ Տ. Ուրիխանյանը հայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու մասին:

Ի դեպ, երեկ նա չի մասնակցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստին, որի ժամանակ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: Խմբակցության նիստին չմասնակցելու հանգամանքը մեկնաբանելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց.

«Նախ ուզում եմ ասել, որ նորընտիր խմբակցության ղեկավարի, քարտուղարի եւ մյուս գործընկերների նկատմամբ ունեմ խորը հարգանք, ու մեր միջեւ կարող են լինել գործակցային հարաբերություններ` հանուն ՀՀ քաղաքացիներին վերաբերող լրջագույն խնդիրների լուծման: Իսկ ինչ վերաբերում է նիստին չմասնակցելուն, ապա ես դա արել եմ նպատակահարմարությունից ելնելով, ինքս եմ որոշում իմ քայլերն ու գործողությունները»:




Լրահոս