Սեպտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 6-ին “Նաիրի ԲԿ” ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 5 հիվանդ՝ սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Ներկայումս բաժանմունքում բուժվում է 11 հիվանդ: Համապատասխան բուժման արդյունքում հիվանդների վիճակը բավարար է, բուժումը շարունակվում է:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները հիմնականում Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչներն են, ովքեր մասնակցել են նույն խնջույքին եւ օգտագործել են մի շարք կերակրատեսակներ։ Սննդի մի մասն օգտագործել են նաեւ հաջորդ օրը` տանը: Դրանից 16-24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման երեւույթներ` սրտխառնոց, փսխում, լուծ, բարձր ջերմություն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, վարակի գաղտնի շրջանի տեւողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննադին տոքսիկաինֆեկցիային:
Հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու եւ հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել են համալիր միջոցառումներ: Իրականացվել են նաեւ համապատասխան լաբորատոր հետազոտություններ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են, նոր դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է: