Այսօր տեղի է ունեցել իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստում անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած այցին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հնչող դատապարտող հայտարարություններին և տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Այս մասին նիստից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այս հարցերից զատ նիստում անդրադարձ է եղել սահմանային լարվածությանը և ևս մեկ անգամ վերահաստատվել է այն մոտեցումը, որ անթույլատրելի է համարվում ուժի կիրառմամբ հարցի լուծման ցանկացած փորձ:
«Մենք ցավակցում ենք բոլորին, քանի որ այդ զինվորները մեր ազգի զինվորներն են, բայց նրանք քաջաբար են կատարել իրենց գործն ու վնաս հասցրել նաև թշնամուն: Մարդկային զոհերն ավելի շատ են հենց ադրբեջանցիների մոտ , իսկ նման հարձակումները հետևանք են Ադրբեջանի ղեկավարության կողմից հակահայկական քարոզչության», – նշեց նա:
Շարմազանովի խոսքով, Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը և Իլհամ Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, որ պետությունն ընկել է իր իսկ ստեղծած հակահայկական ծուղակի մեջ։