ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ երիտասարդացնելու է իր պատգամավորական «կորպուսը», որ խորհրդարան է բերելու նոր սերնդի ներկայացուցիչների: Իհարկե, իր այս խոստումը կուսակցությունը կատարեց մասնակիորեն, որովհետեւ անհնար էր խմբակցությունը պատկերացնել առանց նրա «հնաբնակների»՝ քաղաքական խարդավանքների «վարպետների» եւ ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչների: Քանի որ նրանք են խմբակցության «աղը», նրանք են ձեւավորում ՀՀԿ վարկանիշը, առանց նրանց չի կարող գործել Սերժ Սարգսյանը, որը Պարոնյանի հայտնի ասույթի նման՝ «յառա՜ջ-յառա՜ջ» է կանչում՝ կուսակցությունն ու երկիրը հետ տանելով…
Բայց ՀՀԿ ցուցակում, այնուամենայնիվ, տեղ գտան մի քանի երիտասարդներ, որոնք էլ, պարզվում է, «պորտալարով» կապված են իրար, նույն սեւեռումներն ու նույն «թիմն» են ներկայացնում: Այսինքն՝ նրանք բոլորն իրենց «հայտնությամբ» պարտական են Ս. Սարգսյանի փեսա Միշիկ Մինասյանին:
Նրանցից մեկն էլ Նաիրա Կարապետյանն է: Ծնունդով գյումրեցի այս երիտասարդ պատգամավորը պատահական չի հայտնվել ԱԺ-ում: Նա Սամվել Ֆարմանյանի համադասարանցին է, միասին են սովորել Գյումրու մանկավարժական ինստիտուտին առընթեր Ակադեմիական վարժարանում: Դե, կոմունիստական կուսակցությանը անվերապահորեն նվիրված Ախուրյանի շրջկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի, ապա շրջխորհրդի մշակույթի բաժինների վարիչ աշխատած Արտաշես Կարապետյանի (որը շատ ավելի հայտնի է որպես ռադիոհաղորդավար) դուստրն էլ պիտի սովորեր Գյումրու առաջին «էլիտար» դպրոցում: Իհարկե, լավ էր սովորում, ակտիվ էր իր խառնվածքով…
Վարժարանն ավարտելուց հետո սովորել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում: Այս ֆակուլտետը շատ «վարկանիշային» դարձավ այն տարիներին, քանի որ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս արեւելագետ էր… Ն. Կարապետյանի կենսագրության մեջ նշված է, որ արեւելագետ-դիվանագետ է: Այս դիվանագետ բառը մեզ շատ հետաքրքրեց, ուստի կամեցանք պարզել, թե որտեղ է դիվանագիտական կրթություն կամ աստիճան ստացել: Ուշադրությամբ կարդացինք նրա կենսագրությունը եւ պարզեցինք, որ 2002թ. ավարտել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2004-2005թթ. սովորել է Մոսկվայի «Իմիջլենդ PR» կազմակերպությունում: PR հմտությունների մասնագետ է: Մասնակցել է «Քաղաքական հմտությունների զարգացում» ծրագրի դասընթացներին (2009թ., «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն, Դյուսելդորֆ եւ 2011թ. Լոնդոն): Այդպես էլ չգտանք, թե դիվանագիտական կրթություն որտեղ է ստացել, որովհետեւ PR հմտությունների մասնագետ լինելը դեռ չի նշանակում դիվանագետ լինել: Ինչեւէ: Երեւի սա նույնպես դիվանագիտություն է, ինչը մենք դեռ չենք հասկանում…
Հետագայում ձեւավորելով աշխատանքային կարիերան՝ Ն. Կարապետյանը 2004թ. Հարավկովկասյան երիտասարդական ուսուցողական (թրեյներական) ցանցի (SCYTP) քաղաքական կարողությունների զարգացման դասընթացների ուսուցանող էր (թրեյներ): 2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում որպես միջազգային ծրագրերի զարգացման եւ PR պատասխանատու, 2010-2012թթ.՝ ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության PR պատասխանատու:
Իր ակտիվ հասարակական գործունեությունը սկսել է դեռեւս համալսարանում, 1995-1997թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երջանիկ մանուկ» ծրագրի համակարգող խմբի անդամ եւ ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական (հետաքրքիր է՝ որ պատգամավորի)… 2010թ. «Կանանց ակումբ»-ի համահիմնադիրն է: Իսկ ահա 2008-ին, ոգեւորվելով իր նախկին դասընկերոջ հորդորներով, դարձել է ՄԻԱԿ կուսակցության անդամ, 2009թ.՝ կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ: Հենց ՄԻԱԿ-ն էլ Ն. Կարապետյանի համար ճանապարհ է բացել դեպի խորհրդարան: Այսինքն՝ նա այստեղ արդեն Միշիկի «գաղափարների կրողն» է եւ ամեն ինչ անելու է՝ արդարացնելու համար իրեն առաջադրողի եւ պաշտպանողի հույսերը: Իսկ մեզ էլ թվում էր՝ ՀՀԿ շարքերում հայտնվել է Նժդեհի գաղափարախոսությանը նվիրված մի նոր երիտասարդ գործիչ, որը կարող էր փոխել «տարոնականների» մասին ձեւավորված մեր պատկերացումները…
Հիմա մեզ մի հանգամանք է հետաքրքրում: Ն. Կարապետյանի հայրը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետն է, Վարդան Ղուկասյանի ամենաակտիվ թիմակիցը, նրա կերուխումների ժամանակ «Ֆայտոն Ալեքը» պոեմից հատվածներ արտասանողը: Շատերը Գյումրիում ասում են, որ Կարապետյանը Վարդանիկի ստվերն է: Ի՞նչ է լինելու Կարապետյանի հետ Վարդանիկի հեռանալուց հետո… Այս հարցը շատերին է հետաքրքրում: Բայց ահա մենք տեղեկություններ ստացանք, որ ապագա քաղաքապետ Բալասանյան Սամվելին հանձնարարվել է «ձեռք չտալ» Արտաշես Կարապետյանին: Դե, որքան չլինի, «էլիտար», ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձածի հայր է, այն էլ` Միշիկի թիմից:
ԵՎՍ ՄԻ ՋԱՀԵԼ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ