ՀԱՅՐԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ ԱՆԱՌԱԿ ԶԱՎԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ը Գյումրու ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին չի սատարում: Այս մասին հայտարարել են Գյումրու կառույցի պատասխանատուները:
«Որպես քաղաքական ուժ ներկայացնող կուսակցություն քաղաքում եւ մասնակից ենք ընտրություններին, քաղաքապետի թեկնածուների նկատմամբ մենք որեւէ քաղաքական որոշում չունենք ընդունած: ՕԵԿ-ը չունի իր թեկնածուն եւ որոշել է հորդորել իր կուսակիցներին, ընկերներին ազատ ընտրության գնալ, չունի համակրելի թեկնածու»,-հայտարարել է ՕԵԿ Գյումրու կառույցի համակարգող Համլետ Սարուխանյանը (հայտարարությունը մեջբերել ենք առանց խմբագրման): Ըստ նրա` «ՕԵԿ-ը մի դիրք է ընդունել, որ ընտրողներին ազատ ընտրելու իրավունք է թողել»: Նա անդրադարձել է կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի դիրքորոշմանը` ասելով. «Նախագահի արած հայտարարությունը  նախագահի կամքն էր: Իհարկե, էնտեղ կարելի էր շարունակական խոսքեր ասել, թեկուզ 2 խոսք, որ քաղաքը թող ընտրի իր քաղաքապետին: Ճիշտ է, իր խոսքն ասել է որպես նախագահ, եթե գտել է, որ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պետք է քաղաքին ապագայի համար, դա իր կարծիքն է, ով հետեւում է նախագահի կարծիքին, թող ընտրությունները կատարեն էդ ձեւ, ով չէ, թող ընտրությունները կատարեն ազատ ձեւի, մենք էդ դիրքորոշումն ենք վերցրել»,-գյումրեցի լրագրողներից մեկի՝ «ինչո՞ւ չսատարել Բալասանյանին» հարցն այսպես է մեկնաբանել Սարուխանյանը:
Հայտնի է, որ ՕԵԿ-ը Բալասանյանի «հարազատ» կուսակցությունն է: Նա ՕԵԿ-ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Մի ժամանակ նա հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է դաջված: ՕԵԿ դիրքորոշումից արդյոք կարելի է ենթադրել, որ «հարազատ» հայրը չի ներել անառակ զավակին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Բալասանյանի՝ ՕԵԿ-ը լքելու փաստով չի պայմանավորված կուսակցության այսօրվա դիրքորոշումը, Սարուխանյանն ասաց. «Ո՛չ, ամենեւին ո՛չ, դա կապ չունի, մենք դրա հետ չենք կապում, պարզապես որոշել ենք թողնել ժողովրդին ազատ»:

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ




Լրահոս