“ՏաԹեւեր” ճոպանուղու ղեկավարությունը կպարգեւատրի ճոպանուղու 100 հազարերորդ հաճախորդին: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին “ՏաԹեւեր”-ից, Հուլիսի 21-ին գրանցվել է “ՏաԹևերի” 100000-րդ հաճախորդը, ով Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54 տարեկան է, այժմ տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երկու տղա: Ապրում է ամուսնու, ավագ որդու, հարսի ու երկու թոռնուհիների` 1 տարեկան երկվորյակ Անահիտի ու Աստղիկի հետ: Ընտանիքի անդամները չեն աշխատում, զբաղվում են հողագործությամբ:
“Մենք մեծ սիրով ու խնամքով տիկին Անահիտի համար ընտրել ենք մի փոքրիկ անակնկալ, որն էլ կհանձնենքնրան սեպտեմբերի 14-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում”,- այս մասին նշել է “Տաթև” հիմնադրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
Նման աննախադեպ ակտիվությունը Տաթևի զբոսաշրջային գոտում զարկ է տվել տեղական ձեռներեցությանը: Ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր: Այն “Տաթև” հիմնադրամի սոցիալական, ոչ կոմերցիոն, երկարաժամկետ ներդրումային ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է խթանել տարածաշրջանի շարունակական զարգացումը, նպաստել կայուն տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Բացի նրանից, որ ճոպանուղու աշխատակազմը համալրված է հիմնականում հարակից շահառու համայնքների և Գորիս քաղաքի բնակիչներով, նոր աշխատատեղեր են ստեղծվում նաև տեղի մանր և միջին ձեռնարկություններում: Տեղաբնակները նոր հյուրանոցներ և հյուրատներ են կառուցում՝ օրեցօր ավելացող այցելուների պահանջները բավարարելու համար: Միայն 2012թ-ի ընթացքում Գորիսում և ճոպանողու հարակից տարածքներում բացվել է մոտ 12 հյուրանոց և հյուրատուն: Ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտներում նկատվող մրցակցությունը նպաստել է սպասարկման որակի բարելավմանն ու բիզնեսի խթանմանը: