Եվրոպացիները լավ էլ ամոթանք են տալիս և թքում երեսներիս. Հր. Բագրատյանը` Հ. Նաղդալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց, որ արձանագրության նպատակն է նպաստել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պետությունների զինված ուժերի անհատական գործընկերությանը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց. «Ես ուզում եմ հասկանամ, մի ժամանակ եվրոասոցացվում էինք, ես 2013-ի սկզբին զգուշացնում էի, որ երկար չենք շարունակի, կգա Ռուսաստանի դժգոհությունը: Եվ սեպտեմբերի 3-ին դա տեղի ունեցավ: Անկեղծ եմ ասում, երբ շփվում եմ Եվրոպայի պատգամավորների հետ, մեզ ամոթանք են տալիս, եւ մենք որակապես այլ դեմքով ենք ներկայանում: Հիմա այս ՆԱՏՕ-ի հետ կապված ուզում եմ հարց տալ դուք համաձայնեցրե՞լ եք ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ: Այսինքն` այս հարցերը համաձայնեցնո՞ւմ եք, չե՞ք համաձայնեցնում, թե՞ խոսքով ասում եք` չենք համաձայնեցնում, բայց համաձայնեցնում եք: Սա ՀԱՊԿ-ի որեւէ պարտավորությանը հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում»:

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ մի դաշինքի հետ էլ չեն համաձայնեցրել: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց. «Մեր քայլերը թելադրված են միմիայն Հայաստանի շահերով, և որեւէ մեկի մոտ ամաչելու կամ որեւէ մեկի ամոթանքը լսելու խնդիր մենք չունենք: Մեր եվրոպացի գործընկերները բազմաթիվ առիթներով մեզ ասել են, որ ըմբռնումով են մոտենում այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք»:

Ի պատասխան` Հրանտ Բագրատյանը նշեց. «Տիկի՛ն Նաղդալյան, լավ էլ ամոթանք տալիս են, և թքո՛ւմ են երեսներիս: Մենք իհարկե, ձեր պես չենք պատասխանել, շատ ավելի խիստ ենք պատասխանել»:




Լրահոս