Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաները վերազինվում են նոր, թանկարժեք բուժսարքավորումներով։ Երևանի համայնքային բյուջեով իրականացվող ծրագրով այս տարի ձեռք է բերվելու 4 անուն բուժսարքավում՝ 5 ուլտրաձայնային հետազոտման սարք` տվիչով կամ դոպլերով, 10 ճեղքային լամպ, 5 կոլպոսկոպ, 10 արյան կլինիկական անալիզատոր:
2015 թվականի առաջին եռամսյակում մի շարք պոլիկլինիկաներ արդեն ստացել են նոր սարքավորումները. մասնավորապես՝ թիվ 1, 8, 17 պոլիկլինիկաները, «Նոր Արաբկիր» ԱԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ները համալրվել են վերջին սերնդի ուլտրաձայնային հետազոտման ստացիոնար սարքերով՝ յուրաքանչյուրը տվիչով և դոպլերով։ Արյան կլինիկական անալիզատորներ են ստացել թիվ 1, 4, 13, 20, 22 պոլիկլինիկաները, «Կ. Եսայանի անվան» պոլիկլինիկա, «Նոր-Արեշ» պոլիկլինիկա, «Սարի թաղ պոլիկլինիկա», «Արշակունյաց պոլիկլինիկա», «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ-ները։
«Բնակչության բուժսպասարկման որակը բարելավելու և առավել մատչելի դարձնելու, ինչպես նաև ամբուլատոր-համաբուժարանական հաստատությունների հագեցվածությունը մեծացնելու առումով այսօր քաղաքապետարանը մեծ ներդրում ու աշխատանք է կատարում, քանի որ շարունակական այս ծրագրով աստիճանաբար լուծվում է մի խնդիր, որ կարելի է հետխորհրդային ծանր ժառանգություն որակել։ Այսօր քաղաքապետարանը փորձում է բարձրացնել առողջապահական առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների դերը, նշանակությունը՝ բարձրացնելով այս բուժհաստատությունների գործառնական որակը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներ ևս կհամալրվեն նոր սարքավորումներով՝ գինեկոլոգիական կաբինետները՝ աչքի կոլպոսկոպերով, ակնաբուժական կաբինետները՝ ճեղքային լամպերով։