Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի ծնողներն օրեր առաջ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին` պնդելով, որ ձերբակալված Հարություն Սարգսյանի մեղադրանքը պետք է խստացնել: Սակայն գյումրեցիներից մեկը, որը լավ էր ճանաչում երկու ընտանիքներին էլ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Հարությունի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Գյումրու քաղաքապետի դստեր 27-ամյա փեսացու Կարեն Եսայանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր: Սպանության օրը` քաղաքապետի դստեր հետ նշանադրության նախօրեին, ոստիկանները Կարենին Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մեքենայի մեջ սպանված: Դեպքից երեք օր հետո` ապրիլի 15-ին, ձերբակալվել էր Անիի շրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` կանխամտածված, դիտավորյալ սպանություն, եւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի զենք-զինամթերք կրել, պատրաստել եւ օգտագործել: Գործով նախաքննությունը շարունակվում է, բայց 5 ամիս է՝ Հարությունը կալանավորված է եւ գտնվում է «Երեւան-կենտրոն» ՔԿՀ-ում: Տեղեկացնենք, որ օրեր առաջ դատարանն այս գործով կալանավորված Հ. Սարգսյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգել էր:
Գյումրեցիներից մեկը «Ժողովուրդ»-ին հետեւյալը պատմեց. «Նշանադրությունից օրեր առաջ Ղուկասյանենց տանը վիճաբանություն է եղել: Ղուկասյանի տղան` Սպարտակը, համաձայն չէր այդ ամուսնությանը` պատճառաբանելով, որ տղայի ընտանիքի մասին լավ կարծիք չունի»: Բացի այդ, մեր զրուցակցի խոսքերով, սպանվածը ԱՄՆ-ում լուրջ խնդիրներ է ունեցել, այդ պատճառով էլ հայրենիք էր վերադարձել եւ աշխատում էր որպես տաքսու վարորդ:
Իսկ ինչո՞ւ է այս սպանության գործով ձերբակալվել հենց Հ. Սարգսյանը: Մեր զրուցակցի պատմելով՝ Հարությունը, լինելով անկուսակցական, միաժամանակ մտերիմ է եղել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ եւ Գյումրիում ունենալով մեծ շրջապատ՝ ընտրություններին էլ շատ է օգնել Գրիգորյանին: Հենց նրա հետ ունեցած մտերմությունն էլ ատելություն է առաջացրել Ղուկասյանի մեջ Հարությունի հանդեպ, քանի որ Գրիգորյանը Ղուկասյանի թաղամասում ավելի շատ ձայներ էր հավաքել, քան նա: «Կոպիտ ասած` աբիժնիկ է եղել Հարությունից»,-բացատրեց մեր գյումրեցի զրուցակիցը՝ փորձելով ապացուցել, որ Հարությունը ձերբակալվել է՝ քաղաքական հայացքներից ելնելով:
Հակառակ սպանվածի ծնողների պնդումների՝ Հարությունի փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հ. Սարգսյանը ոչ մի առնչություն չունի այդ սպանության հետ: Նա չպետք է անազատության մեջ գտնվեր»:
ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ