Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են 119 ավագ և 51 հիմնական դպրոցների թիմերը: Օլիմպիադայի հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվել են նաև դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի համայնքային փուլի հաղթող դպրոցները:
Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին պարգևներ են հանձնել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Ներկաներին ուղղված խոսքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն առանձնակի կարևորել է շախմատի մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրային քաղաքականությունը:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կյանքի կոչված շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրն իսկապես կարևոր է ու հաջողված, և այսօր մենք հպարտությամբ փաստում ենք, որ Երևանի 12 վարչական շրջաններից 9-ում անվճար հիմունքներով գործում են շախմատի դպրոցներ, ինչի արդյունքում է նաև տարեց տարի ավելանում շախմատի տարբեր մրցաշարերին երևանյան մասնակիցների թիվը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:
Շախմատի 9-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 216 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 16-ը: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն