ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը «այլընտրանքի» կարգավիճակում ավելի ընդդիմադիր հայացքներ է ունեցել, քան այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել:
-Տիկի՛ն Սարգսյան, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ այսուհետ իրենք ընդդիմություն են: Փաստացի խորհրդարանում ավելանում է ընդդիմադիր պատգամավորների թիվը, դա ի՞նչ է տալու ԱԺ-ին:
-Նախ պետք է ասեմ, որ ԲՀԿ-ն նույնիսկ այլընտրանքային կարգավիճակով մշտապես քվեարկում էր մեզ հետ միասին, ընդդիմության հետ միասին, մենք բավականին հաջող համագործակցում էինք: Հիմա արդեն այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ում, այն, ինչ որոշեց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, տխուր փաստ էր: Ըստ էության, դեռեւս ԲՀԿ-ն այդ բեռը թոթափելու ու իրեն վերագտնելու խնդիր ունի: Այսօր այդ ուղղությամբ մեծ ակնկալիքներ ունենալը դեռեւս շուտ է, անկախ նրանից, որ խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն: Պետք է կարողանան իրենց ներսում հստակ ընդդիմադիր դիրքորոշումներ որդեգրել: Ես ուզում եմ հավատալ, որ ԲՀԿ-ն կլինի իսկական ընդդիմություն ու մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ համատեղ նախաձեռնություններով հանդես կգա:
-Ըստ չհերքված տեղեկությունների՝ մինչ ընդդիմադիր դառնալու մասին հայտարարություն անելը, տեղի է ունեցել հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում տեղեկացվել է ԲՀԿ-ի նոր «կարգավիճակի» մասին: Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ի ստվերային համակարգումն իրականացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ դեպքում ստացվում է, որ ԲՀԿ-ն լուրջ ընդդիմություն չէ ու վերահսկելի է: Սա նկատի առնելով` արդյո՞ք որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, համագործակցելո՞ւ եք նրանց հետ:
-Ես Ձեր նշած տեղեկատվության մասին որեւէ ինֆորմացիա չունեմ: Բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, ես գիտեմ այլ ընդդիմադիրների եւս, որոնք շատ արմատական ընդդիմության դիրքերից են հանդես գալիս եւ միաժամանակ ունենում են նմանատիպ հանդիպումներ, որոնք հրապարակային չեն: Ի դեպ, վերջերս նման հանդիպումների մի հրապարակային շարք էլ եղավ Սերժ Սարգսյանի հետ: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, պետք է հանդես գան ընդդիմադիր դիրքերից, իսկ որքանով ընդդիմությունը ուժեղ կլինի, ցույց կտա ժամանակը: Ես վստահ եմ նաեւ, որ իշխանությունն էլ է հասկանում, որ արհեստական կամ արհեստածին ընդդիմությունը չի կարող ուժեղ դիրքերից հանդես գալ, ու ընդդիմություն-իշխանություն հակակշիռը պետք է պահպանվի:
-Իսկ Ձեր նշած արեստածին ընդդիմադիրների հետ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը պատրասվո՞ւմ է համագործակցել:
-Եթե ԲՀԿ-ին նկատի ունեք, ապա ասեմ, որ վերջին շրջանում ԲՀԿ-ն որպես ընդդիմություն էր հանդես գալիս, եթե հիշում եք նրանց հայտարարությունները, նրանց ելույթները, դրանք ավելի ընդդիմադիր էին, քան շատ ու շատ ընդդիմադիր ուժերինը: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խմբակցությունում նման քննարկում չի եղել, ես կարող եմ ՎՍԴՀԿ-ի անունից ասել` որտեղ կտեսնենք պոտենցյալ, որտեղ կտեսնենք ազնվություն, այնտեղ համագործակցությունը կաշխատենք պահպանել:
-Խորհրդարանից դուրս եւս ընդդիմադիր ուժեր են ձեւավորվում, Նիկոլ Փաշինյանը ստեղծում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, իսկ ՍԴՀԿ ղեկավարն էլ հայտարարում է առաջիկայում հանրահավաքային պայքար սկսելու մասին: ՀԱԿ-ը համագործակցելու է նրանց հետ:
-Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին», ապա դա դեռ կայացած ուժ չէ, երբ կլինի կուսակցությունը, երբ կլինի հստակ ծրագիրը, տեսանելի կլինի, թե ինչի է ընդունակ այդ քաղաքական ուժը, այդ ժամանակ նոր կարելի կլինի խոսել: Իսկ ինչ վերաբերում է ՍԴՀԿ իմ նախկին գործընկերներին, ապա ցավով պետք է ասեմ, որ ես շատ լավ ծանոթ եմ իրենց ամպագոռգոռ հայտարարություններին, պետք է միշտ իմանալ, թե դու ինչքանով կկարողանաս ապահովել քո հայտարարությունների իրագործումը: Իսկ երիտասարդ ատենապետին լավ ճանաչելով՝ երբեք լուրջ չեմ ընդունում նրա հայտարարությունները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ