Րաֆֆի Հովհաննիսյանը չէր հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, բայց կուսակցությունն ազատ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ պահքի շրջան է, ես ներում եմ Սերժ Սարգսյանին և վեհափառին, բայց դա չեմ կարող անել հայ ժողովրդի անունից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ իր բացակայության ժամանակ տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդատվություն Սերժ Սարգսյանի և վարչության երկու անդամների` Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ:

«Իմ բացակայության ժամանակ պատասխանատու է եղել Արմեն Մարտիրոսյանը: Ես ինքս չէի գնա նման հանդիպման, բայց նաև տեղյակ էի դրա կայացման հնարավորության մասին, բայց որ հանդիպումը եղել է, տեղեկացա միայն դրանից հետո: Գիտեի, որ այդ հանդիպման մեջ կան խութեր, բայց կարող եմ ասել, որ մենք բաց ենք բոլոր կուսակցություննեևի հետ համագործակցելու մեջ: Մեզ մոտ կա ազատություն: Ես Սարգսյանից հրավեր չեմ ստացել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե ինքը դեմ է եղել, սակայն կուսակցության անդամներն, այնուամենայնիվ, հանդիպմանը գնացել են, Հովհաննիսյանը նշեց` ինքն առաջարկել է կուսակցության կոլեգիայով որոշում կայացնել:

Կուսակցության առաջնորդը տեղեկացրեց, որ իրենց դիրքրոշումը մնում է նույնը` Սերժ Սարգսյանը չունի լեգիտիմություն սահմանադրական փոփոխություններ կատարելու համար: «Չնայած, որ «Ժառանգություն»-ը կողմ է խորհրդարանական կառավարման ձևին, այս պարագայում մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին: Հայտարարում եմ` մենք չենք մասնակցելու այդ խաղերին: Մեր տեսակետներն ու պահանջներն իրենք գիտեն: Մենք այլևս չպետք է հանդիպենք և նկարահանվենք շարանով, որպեսզի հետո ցույց տան: Մենք բոլորս սխալ ենք եղել, չպետք է  հանդիպեինք»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ վաղը երկու օրով մեկնելու է Փարիզ` մասնակցելու ցեղասպանության հետ կապված միջոցառմանը: Այնուհետև, ապրիլի 5-ին տեղի կունենա կուսակցության ընդլայնված նիստ:




Լրահոս