ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳՆԱՑ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որ պատգամավոր դառնալուց հետո այդպես էլ չէր վերցրել իր մանդատը, երեկ պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: Թե ինչու, ողջ օրվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ այդպես էլ չբացատրեց:
Փոխարենը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ պատճառը նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման հավանականությունն է: Ստացվում է, որ ՀՀ նախագահ դառնալու համար Հովհաննիսյանին խանգարում էր պատգամավորի մանդատը:
Ինչեւէ, եթե 15 օրվա ընթացքում Հովհաննիսյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա լիազորությունները կհամարվեն դադարեցված: Բայց այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ Հովհաննիսյանի համար փոշմանելը դարձել է բնավորության գիծ. նա նախկինում էլ մի քանի անգամ մանդատից հրաժարվել ու փոշմանել է: Այնպես որ, պետք է սպասել 15  օր:  
Նկատենք, որ ԱԺ 5-հոգանոց «Ժառանգություն» խմբակցությունում այդ կուսակցության անդամները գնալով դառնում են փոքրամասնություն. «Ժառանգության» հինգ պատգամավորներից երկուսն «Ազատ դեմոկրատներ»-ից են: Իսկ հիմա էլ «Ժառանգության» առաջնորդի փոխարեն պատգամավոր է դառնալու Թեւան Պողոսյանը: Ըստ լուրերի՝ Րաֆֆու՝ մանդատից հրաժարվելու իրական պատճառը հենց սա է եղել. Սերժ Սարգսյանի համար սիրելի Թեւան Պողոսյանը պետք է պատգամավոր դառնար (երկար ժամանակ այս կուսակցության ներսում քննարկումներ են ընթացել Պողոսյանի հանդեպ իրենց պարտքը կատարելու եւ նրան պատգամավոր դարձնելու մեթոդների ուղղությամբ):
Այսպիսով՝ «Ժառանգության» նախագահը, որ մշտապես խոսում էր իշխանության «վատ հատկանիշների» մասին, որոնք արհամարհում են հասարակությանը, գնաց նրանց ճանապարհով. ընտրվեց ԱԺ պատգամավոր, սակայն մանդատից հրաժարվեց՝ առանց բացատրության: Դեռ այսքանից հետո էլ պետք է քվե ակնկալի ՀՀ քաղաքացիներից՝ ՀՀ նախագահի աթոռին բազմելու համար:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս