Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 481 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 379 համայնքներում ղեկավարներ ընտրեցին Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի բնակիչները: Ընտրությունները չկայացան միայն չորս համայնքում. 3-ում բավարար քանակով թեկնածուներ չէին առաջադրվել, իսկ մեկում առաջադրված թեկնածուն մահացել էր մինչեւ ընտրության օրը:
Ընտրությունների մեկնարկը ավանդաբար տրվեց ժամը 08:00-ին, ընտրատեղամասերի դռները փակվեցին ժամը 20:00-ին: Ու հենց ընտրությունների առավոտյան Գյումրիում «լսվեց» առաջին ընտրախախտման լուրը: Ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքն անհետանում էր, որից հետո ԿԸՀ-ն հանձնարարեց սովորական թանաքով կնքել անձնագրերը: Այնուհետեւ 34/74 տեղամասի շրջակայքում հավաքվածները խոչընդոտել էին «ՑԱՅԳ» հ/ը աշխատանքները՝ փորձելով խլել օպերատորի տեսախցիկը, հարվածել էին նրան: Այժմ ոստիկանությունը փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում: Իսկ Գյումրիում քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:
Ավելացնենք, որ Գյումրիում, ըստ տարբեր տեղեկությունների, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ու ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն աշխատել են հօգուտ դաշնակցական թեկնածուի՝ ընդհուպ մինչեւ ընտրական «կարուսել» անցկացնելով:
34/74 ընտրատեղամասում (թիվ 12 մանկապարտեզ) քառորդ ժամից ավելի հանձնաժողովի աշխատանքային մատյանը քննիչի մոտ էր մնացել, որը բողոք էր քննում: Ըստ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության տեղեկությունների՝ ոստիկանությունը բողոք է ստացել այն մասին, որ ինչ-որ մեկը քվեարկել է այլ մարդու փոխարեն: Հանձնաժողովի նախագահը նույնպես քննիչի մոտ է եղել: Նույն տեղամասում առավոտից մարդկանց «կուտակումներ» են եղել, եւ վստահված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացրել այդ տեղամասի հանձնաժողովի նախագահին:
34/24 Գյումրու տիկնիկային թատրոնի տեղամասում մեկը քվեարկել էր այլ անձի անձնագրով: Իսկ «Մուշ-2» թաղամասի մանկապարտեզի մոտ 2 «Գազել»-ով (26 համարի երթուղային) ընտրողներին տեղափոխել են ընտրատեղամաս: Պետհամարանիշերը՝ 45 ou 068, 0822 L: Գծի հետեւ թաղամասի երկու տեղամասերում՝ թիվ 9 գրադարանում եւ թիվ 27 դպրոցում եւս կուտակումներ են եղել: Միկրոավտոբուսների կանգառում կայանած մեքենաների միջից կաշառք են բաժանել:
Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունը տեղեկություն տարածեց, որ բոլոր քվեախցիկները Վանաձորում ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս դրանք ճկվում են, ինչը քվեաթերթիկներում սխալ նշելու պատճառ կարող է դառնալ:
Վանաձորի 30/46, 30/53, 30/54 տեղամասերում դիտորդները նկատել են, որ դրսում կայանված մեքենաներից անընդհատ հետեւում են ընտրողների հոսքին, իսկ թիվ 30/46 տեղամասի մոտակայքում կայանված մեքենայից ընտրողներին անընդհատ հորդորել են քվեարկել Սամվել Դարբինյանի օգտին: Թիվ 30/31 տեղամասում արձանագրվել են բաց քվեարկության մի շարք դեպքեր: Նույն տեղամասում դիտորդն ականատես է եղել, որ անձնագրերը կնքելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը վերցրել է ընտրողներից մեկի անձնագիրը, մինչեւ քաղաքացին քվեարկել է, ապա կնքել եւ վերադարձրել քվեարկելուց հետո: Արդյունքում Վանաձորի քաղաքապետ մնաց ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը:
Արարատի մարզում եւս նմանատիպ ընտրախախտումներ են արձանագրվել: Մարդկանց կուտակումներ, թանաքի հետ կապված խնդիր եւ այլն: Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը՝ ստանալով 5.248 ձայն: Ի դեպ, Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը դիմում կներկայացնի ԿԸՀ-ին՝ պահանջելով Մասիս քաղաքի բոլոր տեղամասերում վերահաշվարկ կատարել: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների տարբերությունը մոտ 550 է, եւ մոտ 500 անվավեր քվեաթերթիկ կա:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը, Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ անկուսակցական Կարեն Գրիգորյանը, Արթիկի քաղաքապետ է դարձել ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը:
Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, Ագարակի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը, Սիսիանում՝ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը: Ստեփանավանում հաղթեց Ղարաքեշիշյանների «դինաստիան». Սարգիս Ղարաքեշիշյանին՝ Քոթոյին, փոխարինեց նրա եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը: Ախթալա քաղաքը կրկին կղեկավարի սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ