Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ խորովածի երրորդ համահայկական փառատոնը, որը կազմակերպել էին Ախթալայի քաղաքապետարանը եւ «Հայ խոհարարական ավադույթների զարգացման եւ պահպանման» հկ-ն: Ի տարբերություն նախորդի՝ այս տարի «փառատոնային» խորովածը ոչ թե հյուրասիրվել, այլ վաճառվել է, այն էլ բավականին թանկ՝ ռեստորանային գներով: Կազմակերպիչ հկ-ի տեղեկացմամբ՝ փառատոնի համար ծախսվել է շուրջ 5 մլն դրամ, որը կտնօրինի հկ-ն:
Նախորդ տարիների համեմատությամբ՝ այցելուների թիվը կրկնակի կրճատվել էր. մասնակցել է ավելի քան 5-6 հազար մարդ: Կազմակերպիչները դա բացատրում են Լոռու մարզում բնակչության՝ ՏԻՄ ընտրություններով զբաղված լինելու հանգամանքով՝ հավելելով, որ միջոցառումը քաղաքական ենթատեքստ չունի:
«Մեր առաքելությունը մշակույթի պահպանումն է, ինչը նպատակ ունի լուծել նաեւ սոցիալական, կենցաղային, տուրիզմի զարգացման հիմնախնդիրներ»,-ասում է հկ-ի քարտուղար Վահե Անթանեսյանը:
Ըստ նույն աղբյուրի՝ փառատոնին մասնակցել է 18 թիմ, այդ թվում՝ Հայաստանի 14 ռեստորան, երեք անհատ մասնակից, Վրաստանի Խոխմել գյուղի խոհարարների թիմը: Շրջանառվել է 1-1,5 տոննա միս: Մեկ շիշ խորովածը վաճառվել է 1000-1500 դրամով, սակայն այցելուները նշում են, որ նույն քանակի համար վճարել են 2500-3000 դրամ:
«Նախորդ տարիներին խորովածն անվճար էր, քանի որ Վազգեն Խաչիկյանն անձամբ էր միս եւ գինի տրամադրում: Այս տարի տարբեր տաղավարներ իրենց խորովածը տարբեր գնով էին վաճառում: Դա պայմանավորված է մսի որակով, քաշով»,-ասում է Լոռու մարզի բնակիչ, փառատոնի ժյուրիի անդամ Ռաֆիկ Ղազինյանը:
Հարցին, թե սոցիալապես անապահով մարդկանց համար արդյոք նախատեսված է խորովածի անվճար հյուրասիրություն, Ղազինյանն ասաց. «Չեմ կարող ասել, ինքս խորովածը գնել եմ թանկ գնով»: Նա կարծում է, որ նման իրավիճակում անվճարունակ մարդկանց խորոված չհյուրասիրելը փառատոնի կազմակերպիչների վրիպումներից է: Այնուամենայնիվ, ըստ ականատեսների, հայկական բացառիկ հյուրասիրությունից զրկված որոշ մասնակիցներ փառատոնից հեռացել են խորովածի անուշ բուրմունքը վայելած, սակայն այն չճաշակելուց նեղսրտած:
Փառատոնի վրիպումներից կարելի է համարել սեղանների, նստարանների բացակայությունը: Մարդիկ նստել են գետնին եւ հյուրասիրվել: Կազմակերպական բացթողումներից էր նաեւ աղբամանների սակավությունը, ինչի առթիվ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Չնայած աղբամանները քիչ են եղել, բայց հավաքարարներն աղբը ժողովել են պոլիէթիլենային պարկերում: Ինչ վերաբերում է սեղան-աթոռների բացակայությանը, ասեմ, որ Մայր աթոռը թույլ չի տալիս եկեղեցու տարածքը վերածել խնջույքի սրահի»: Հուսանք, որ կազմակերպիչները հետեւություններ կանեն հաջորդ՝ 2013թ. փառատոնի ժամանակ:
Փառատոնն առանձնապես ներկայացուցչական չէր: Այնտեղ էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը եւ այլ պաշտոնատար անձինք:
ԽՈՐՈՎԱԾԸ ՇԱ՜Տ ԼԱՎ ԲԱՆ Է, ԲԱՅՑ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ