ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին Նոյեմբերյանում տեղի է ունեցել Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է Այգեհովիտ համայնքի ղեկավարի թեկնածու Էմիլ Գրիշայի Թամրազյանի թեկնածությունն անվավեր ճանաչել:
Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ նիստին ներկա է եղել նաեւ Էմիլ Թամրազյանը: Հանձնաժողովի անդամները քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչեցրել: Գ. Աբովյանն ասաց, որ ինքը հարգանք է տածում Էմիլ Թամրազյանի անձի, նրա անցած  ուղու հանդեպ, սակայն հանձնաժողովը պարտավոր էր գործել օրենքի շրջանակում: Նա նաեւ նշեց, որ իրենց հանձնաժողովը տեղեկություններ էր ստացել, որ Էմիլ Թամրազյանը զինվորական ծառայության մեջ է: ՀՀ ընտրական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ կետով՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածու չեն կարող առաջադրվել մի շարք ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ զինծառայողները:
Թիվ 40 ԸԸՀ նախագահն այդ հարցի կապակցությամբ օգոստոսի 27-ին գրավոր հարցում է արել  ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին: Սեպտեմբերի 5-ին թվագրված պատասխան գրության մեջ Օ. Գասպարյանը հայտնել է հետեւյալը. «…Զինծառայող Էմիլ Գրիշայի Թամրազյանը ներկայացրել է զեկուցագիր ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու խնդրանքով, որը 09.08.2012թ.-ին ելք գրությամբ համապատասխան նյութերի հետ ուղարկվել է ՀՀ ԶՈՒ կադրերի վարչություն, սակայն առայսօր զինծառայողի՝ պահեստազոր արձակվելու վերաբերյալ հրաման չի արձակվել: Մայոր Է. Գ. Թամրազյանը ներկա պահին հաշվառված է ՊՆ համակարգում»:
Սեպտեմբերի 7-ին Է. Թամրազյանը թիվ 40 ԸԸՀ է ներկայացրել Գագիկ Աբովյանին ուղղված՝ Օ. Գասպարյանի մեկ այլ գրություն, որտեղ նշված է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ սեպտեմբերի 3-ի հրամանով Է. Թամրազյանն արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր: Գ. Աբովյանն ասաց, որ սեպտեմբերի 5-ին՝ իրեն գրություն հղելիս, Օ. Գասպարյանը հավանաբար չի իմացել, որ սեպտեմբերի 3-ին Է. Թամրազյանը պահեստազոր է արձակվել: Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գ. Աբովյանի խոսքով՝ դա, սակայն, կարեւոր չէ, քանի որ որպես թեկնածու առաջադրման ժամանակ Է. Թամրազյանը գտնվել է զինվորական ծառայության մեջ: Թիվ 40 ԸԸՀ-ն Է. Թամրազյանի թեկնածությունն անվավեր է ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, այսինքն՝ երբ ԸԸՀ-ին հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուն չունի ընտրվելու իրավունք:
Գ. Աբովյանը մեզ չասաց, թե իրենց ով է տեղեկություններ տրամադրել այն մասին, որ Է. Թամրազյանը դեռեւս չի զորացրվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի «Ազատ Տավուշ» խմբում գրառումներ է արել Թամրազյանի որդին՝ Թաթուլ Թամրազյանը. «Այսօր, ցավոք սրտի, մարդկային ստոր մտքի նողկալի դրսեւորումը կարողացավ հաղթանակ տանել արդար մղումների նկատմամբ: Չափազանց լուրջ էին նախապատրաստվել. ամեն ինչ օրենքի շրջանակներում է… Ճնշվեց Այգեհովտի ժողովրդի ձայնը: Զարմանալի «զուգադիպություններն» օգնեցին գործող գյուղապետ Լեւոն Գրիգորյանին: Նախ՝ հուլիսի 13-ին ազատման զեկուցագիր ներկայացրած, պատերազմի մասնակից, վիրավոր ազատամարտիկ թեկնածուին պահեստազոր ուղարկելու հրամանն ապօրինի կերպով կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանի կողմից չի ներկայացվել ՊՆ (ըստ համապատասխան օրենքի՝ մեկ ամսում հարցը պիտի լուծվեր), ապա, մշտական 2-րդ կարգի հաշմանդամության վկայականը հաշվի չառնելով, մարդուն ուղարկում են բժշկական զննումների (կրկին անհասկանալի կերպով ձգվեց մոտ երկու շաբաթ)… Արդյունքում՝ Թամրազյանի ազատման հրամանը ստացվեց սույն ամսի 3-ին, եւ ստացվում է այնպես, որ Թամրազյանն առաջադրվելու պահին դեռ զինվորական էր: Այստեղ մեր «օրենքի ջատագովները», առանց գրավոր դիմումի, մարզպետ Արմեն Ղուլարյանի առաջնորդությամբ (ըստ հանձնաժողովի որոշ անդամների), վկայակոչելով թեկնածուների առաջադրման մասին օրենքը, դիմում են հանձնաժողովին` անվավեր ճանաչելու Թամրազյանի գրանցումը: Օրենքն անզոր է այստեղ… Գռեհիկ է մտածված, բայց՝ չափազանց «լավ»»:
Հավելենք, որ սեպտեմբերի 23-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայում երկուսն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Լեւոն Գրիգորյանը եւ ինքնաառաջադրված անկուսակցական Ասիլբեկ Ահարոնյանը, որը գյուղապետարանի հողաշինարարն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս