ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերջին օրերին երկու ուշագրավ հաղորդագրություն տարածեց, որոնք հարկային ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին էին:
Մարտի 17-ի հաղորդվեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի՝ Կոստանյանը «… 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություններն անտեսելու եւ չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել եւ ստացել է մեկ միլիոն դրամ եւ 2 հազար դոլար գումար»:
Հաջորդ օրը` մարտի 18-ին, տարածվեց մեկ այլ հաղորդագրությունը, որն այս անգամ ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանի ձերբակալության մասին է: Վերջինս, մինչ ներկայիս պաշտոնը, նախկինում զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը: Ըստ ԱԱԾ-ի՝ Արամ Հովսեփյանը մեղադրվում է «…2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ. Ա-ից ստացել է 30 հազար դոլոր կաշառք: Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է եւս 40 հազար դոլար կաշառք»:
Առաջին հայացքից թվում է, թե սովորական քրեական լրահոսի հետ գործ ունենք, նույնիսկ կարող է կարծիք ստեղծվել, թե իբր ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ է պայքարում: Սակայն իրականում վերը բերված հաղորդագրություններն իրենց բովանդակությամբ աննախադեպ են, կապ չունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ վկայում են Հայաստանի կառավարման համակարգում ընթացող ինչ-որ ստվերային գործընթացների մասին:
Նախ արձանագրենք այն փաստը, որ երկու հաղորդագրություններում էլ կաշառք տվող գործարարը նույնն է՝ Ռ.Ա.: Երկու դեպքում էլ ձերբակալվածները մեղադրվում են նախկինում կաշառք վերցնելու մեջ: Առաջին դեպքում խոսքը գնում է փետրվարի վերջին կաշառք վերցնելու մասին: Իսկ Արմավիրի հարկայինի պետին վերագրվող արարքները թվագրված են 2007 եւ 2008 թվականներով:
Նման մեղադրանք` չնչին խմբագրումներով, կարելի է ներկայացնել Հայաստանի ոչ միայն հարկային եւ մաքսային ոլորտների, այլեւ ընդհանրապես կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաններին: Եթե ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն իսկապես կոռուպցիայի դեմ պայքարեին, ապա այսօր Հայաստանի բանտերը լցված կլինեին պետական բարձրաստիճան պաշտոնյաներով, այդ թվում նաեւ՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ներկայացնող:
Մյուս կողմից, եթե այս գործը կոնկրետ ձերբակալված պաշտոնյաների դեմ է ուղղված, ապա ինչու ԱԱԾ-ն նրանց նկատմամբ հսկողություն չի սահմանել, եւ փաստի վրա չեն ձերբակալել: Կասկածից վեր է, որ պաշտոնյաների նկատմամբ հսկողություն սահմանելու դեպքում նրանց նման գործերի վրա բռնացնելն ընդամենը «տեխնիկայի հարց» կլիներ: Կաշառքների նախկին գործերով ԱԱԾ-ն հենց այդպես էլ գործել է: Կաշառքի մեղադրանքները, որպես կանոն, ներկայացվել են կասկածվողին անմիջապես հանցանքի պահին բռնացնելիս: Բայց դրանք եղել են այն դեպքերը, երբ ԱԱԾ-ն կոնկրետ պաշտոնյայի «բռնելու» հրահանգ է ունեցել եւ այդ ուղղությամբ աշխատել է:
Սխալ է կարծել, թե ԱԱԾ-ի քննիչները չեն գիտակցում, որ հետին թվով մարդուն կաշառք վերցնելու մեջ մեղադրելը, մեղմ ասած, շատ դժվար է ապացուցել, որքան էլ կաշառք տվողը այդ մասին պնդի: Ակնհայտ է, որ վերը նշված պաշտոնյաներին նման ձեւով մեղադրանք առաջադրելով՝ ԱԱԾ-ի քննիչները նրանց, մեղմ ասած, «լավություն» են արել, քանի որ չեն ցանկացել նոր դրվագով անմիջապես կաշառք վերցնելու պահին ձերբակալել, ինչը այլեւս հնարավոր չէր լինի հերքել: Ընդհանրապես, հանցանքի պահին չբռնված կաշառակերության մեղադրանքը շատ դժվար է ապացուցել: Կարելի է կարծել, թե հատուկ են այնպես արել, որ անհրաժեշտության դեպքում մի քանի ամսից գործը կարողանան փակել:
Այս մոդելով Հայաստանում երբեւէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց կարելի է ձերբակալել. հաստատ կգտնվի մեկը, ով կասի, որ ինքը Պողոսին կամ Պետրոսին այսինչ բանի համար կաշառք է տվել: Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Հայաստանի ղեկավարությունն այսպիսով բոլոր պաշտոնյաներին ինչ-որ բան է փորձում հասկացնել: Պաշտոնյայի ձերբակալության լուրը քաղաքացիները կարող են չնկատել, իսկ չինովնիկների ուշադրությունից չի վրիպի, որ իրենց նման մեկին 7-8 տարվա վաղեմության արարքի մեղադրանքով ձերբակալել են:
Թե ԱԱԾ-ն պաշտոնյաներին այսպիսով ինչ է ուզում հասկացնել, եւ որն է դրա պատճառը, ցույց կտա ժամանակը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇՏԱԲԸ ԿԲԱՑԻ, ԿԱՌԱՆՁՆԱՆԱ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից հիմնած «Քաղաքացիական շտաբ»-ը պատրաստվում է համագումարի, որը պետք է տեղի ունենա ապրիլի վերջին` ապրիլի 24-ից հետո: Պարզվում է` «Քաղաքացիական շտաբ»-ն արդեն իր գրասենյակն ունի, որը գտնվում է Երեւանի կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ նրա նախաձեռնած շտաբը սկսի գործել, հնարավոր է՝ Տ. Ուրիխանյանը հայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Ի դեպ, երեկ նա չի մասնակցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստին, որի ժամանակ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: Խմբակցության նիստին չմասնակցելու հանգամանքը մեկնաբանելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ նորընտիր խմբակցության ղեկավարի, քարտուղարի եւ մյուս գործընկերների նկատմամբ ունեմ խորը հարգանք, ու մեր միջեւ կարող են լինել գործակցային հարաբերություններ` հանուն ՀՀ քաղաքացիներին վերաբերող լրջագույն խնդիրների լուծման: Իսկ ինչ վերաբերում է նիստին չմասնակցելուն, ապա ես դա արել եմ նպատակահարմարությունից ելնելով, ինքս եմ որոշում իմ քայլերն ու գործողությունները»:
ՈՒՐԻՇ ԽԼՈՅԱՆԻ
Վարդենիս քաղաքում լուրեր են պտտվում, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն օրերս ծեծի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Վարդենիսցիները մեզ պատմեցին, որ մի քանի հոգի Խլոյանի հետ վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի: Վարդենիսի քաղաքապետը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ունի հորեղբոր որդի, որի անուն-ազգանունը էլի Վոլոդյա Խլոյան է, ու կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ-որ անձինք վիճել են նրա հետ, քաշքշել, ծեծել ու կռիվ հրահրել:
ՇՈՒՍՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո Կառավարության շենքից դուրս է գալիս ետնամուտքից: Բայց քանի որ քաղաքացիները եւ լրագրողները նաեւ այստեղ են նրան «դարանակալում», նախարարը մեկ այլ խորամանկության է դիմում` նա շենքից դուրս է գալիս՝ հեռախոսն ականջին դրած, իբր թե հեռախոսով զրուցում է: Բնականաբար, բազմազբաղ նախարարն այլեւս ժամանակ չի գտնում ո՛չ քաղաքացիներին եւ ո՛չ էլ, առավել եւս, լրագրողների հարցերին պատասխանելու համար եւ հեռախոսով ականջը փակած՝ շտապ քայլքով հասնում է իր ծառայողական ավտոմեքենային ու հեռանում: Մի նախարար, որի պաշտոնավարման արդյունքում բազմաթիվ մշակութային օջախներ «ցեխերի» են վերածվել, իրեն ուրիշ կերպ չի կարող պահել, բա հո չի կանգնի եւ քաղաքացիների ու լրագրողների հարցերին պատասխանի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՇԱՏ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Գագիկ Ծառուկյանը չի զրկվի ԱԺ պատգամավորի մանդատից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատությանն» ասել է, որ իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել եւ վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են, ըստ այդմ, նա չի զրկվի պատգամավորի մանդատից: Հիշեցնենք, որ մինչ այս Գալուստ Սահակյանը հայտարարում էր, որ Ծառուկյանի բոլոր բացակայություններն անհարգելի են: Փաստորեն, քաղաքականությունից հեռանալու հայտարարությունից հետո Ծառուկյանի` մինչ այս անհարգելի որակված բացակայությունները մեկեն դարձան հարգելի, եւ նա առաջիկայում եւս կարող է Աժ հաճախել կինոթատրոնի նման` երբ ուզենա:
ԿԳԱ, ԹԵ ՈՉ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի ապրիլի երկրորդ տասնօրյակում: «Իսկապես, այցի հարցն օրակարգում է: Այն պատրաստվում եւ քննարկվում է: Երբ ամսաթիվը որոշվի եւ հաստատվի, մենք այդ մասին կհայտնենք»,- երեկ հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դ. Պեսկովը: Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Պուտինը, հնարավոր է, Երեւան գա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
«ԳՈՂԵՐԸ» ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ
Armlur.am-ի տեղեկություններով` ոստիկանության կիրառած ճնշումների արդյունքում անցած գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է Ճակոյի եղբայրը` «օրենքով գող» Ռաֆոն: Բացի այդ՝ մի քանի օր է, ինչ Հայաստանը լքել է Երրորդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր, քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, ով Երեւանում շրջում էր զրահապատ մեքենայով:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ կյանքից հեռացել է լրագրող Արթուր Դոխոլյանը: Նա աշխատել է «Երկիր» թերթում, նաեւ «Արմենպրես»-ում եւ հեռուստատեսությունում, վերջին տարիներին թղթակցել է «Ավանգարդ» թերթին: «Ժողովուրդը» ցավակցում է Դոխոլյանի հարազատներին եւ ընկերներին:
ՄՇՏԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, 168.am-ին ասել է. «Հենց մեզ Աստանա չեն կանչում, հենց ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչ-որ ֆինանսական հարցեր չեն լուծվում, հայտարարություն է արվում: Դա նեղացածության արտահայտություն է: Այսինքն՝ նեղացածության արտահայտությունը քաղաքականության մեջ հենց այդպես էլ գնահատվում է»: Հարցին՝ այսինքն՝ այդ հայտարարությունը պետք է ավելի վա՞ղ արվեր, Ա. Կարապետյանը պատասխանել է, որ այդ հայտարարությունը պետք է լիներ միշտ, գործողությունների շարք պետք է լիներ, որը գուցե չտեսնեինք, բայց «զգայինք»: «Դա կոչվում է ներքին լոբբինգ»: