Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանն իր երկրպագուների համար մի շարք անակնկալներ է պատրաստում, որոնց մասին պատմել է «Ժողովուրդ»-ին: Նա անդրադարձել է նաեւ վերջին շրջանում ժողովրդական երգի հանդեպ ուշադրության աճին` այն պայմանավորելով ժամանակակից ռիթմերի կիրառմամբ: Երգչի համար ստեղծագործության կմախքից ու կառուցվածքից չհեռանալը սկզբունքային հարց է, սակայն միեւնույն ժամանակ, նրա համոզմամբ, արտահայտչամիջոցները պետք է լինեն ժամանակին համահունչ:
-Մա՛վր, վերջերս հանրությանը ներկայացրիք «Դլե Յաման» երգի հիման վրա նկարահանված Ձեր նոր տեսահոլովակը, որը նվիրեցիք Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: Ռիսկային չէ՞ր, արդյոք, այս գործին «մոտենալը»:
-Երբ գաղափարը դեռեւս քննարկման փուլում էր, ինձ զգուշացնում էին այդ մասին: Կան երգեր, որոնց «մոտենալը», իհարկե, դժվար է: Կոնկրետ դեպքում իմ քայլը ռիսկային էր, սակայն ես նախնական արդյունքից գոհ եմ: Թեպետ նաեւ այն կարծիքին եմ, որ ներկայացրածս տեսահոլովակը չքննարկվեց այնքան, որքան պետք էր: Պատճառը թերեւս այն է, որ հանդիսատեսն այսօր պատրաստի մատուցվող գաղափարով մի արտադրանք է ուզում, որի իմաստի շուրջ առանձնապես մտածել հարկավոր չէ:
-Նշել եք, որ դեմ եք ժողովրդական երգերը ձեւափոխելուն, ամեն դեպքում, նոր արտահայտչամիջոցների կիրառման կարիք տեսնո՞ւմ եք:
-Երգի կմախքից ու կառուցվածքից չհեռանալն ինձ համար սկզբունքային հարց է: Բայց միեւնույն ժամանակ արտահայտչամիջոցները պետք է լինեն ժամանակին համահունչ: Երգիչները նոր-նոր սկսել են կատարողական արվեստում կիրառել սա: Եվ վերջին շրջանում ժողովրդական երգի հանդեպ ուշադրության աճի հիմնական պատճառներից մեկն էլ ժամանակակից ռիթմերի, զգացողությունների կիրառումն է:
-Մարզերում ժողովրդական երգի «քաղց» կա: Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը:
-Այդ բացը, միանշանակ, զգացել եմ: Եթե անկեղծ լինեմ, պետք է նշեմ, որ մարզերում ավելի շատ են լսում ու գնահատում ժողովրդական երգարվեստը, քան մայրաքաղաքում: Այսօր մարզերում կազմակերպվող համերգները քիչ են. դա աններելի է: Ինքս մարզային համերգների հետ կապված առաջիկայի ծրագրեր ունեմ:
-Կա տարածված կարծիք, ըստ որի՝ ժողովրդական երգի սիրահարները Հայաստանում պակասել են, որ երգարվեստի այս տեսակը կորցրել է իր լսարանը: Ի՞նչ կասեք:
-Մինչեւ այս ասպարեզ մուտք գործելը ես էլ էի կարծում, որ ժողովրդական երգ լսողները մեզ մոտ շատ չեն, բայց հավատացեք, որ դա թյուր կարծիք է. նրանք բավական մեծ թիվ են կազմում: Այդ են վկայում լեփ-լեցուն դահլիճները, որոնք մենք կարողանում ենք ապահովել մեր համերգների ժամանակ: Ուրիշ խնդիր է, թե որքանով է այդ լսարանը վճարունակ: Ռեստորանային լսարանն, օրինակ, որը բավականին վճարունակ է, հակված չէ ժողովրդական արվեստին: Թերեւս այդ է պատճառը, որ երգիչները ձգտում են դեպի այլ ժանրերի երաժշտություն:
-Այդ պարագայում ստացվո՞ւմ է ամբողջովին զերծ մնալ ռեստորանային ելույթներից:
-Խնջույքներից ամբողջովին խուսափել հնարավոր չէ, բացառված է: Համենայն դեպս, ես փորձում եմ հնարավորինս զերծ մնալ դրանցից, մասնակցելու դեպքում էլ առաջադրում եմ սեփական պայմանները:
-Պետական կամերային երգչախմբի հետ կապված ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Փաստորեն, այստեղ աշխատելով՝ ակամայից ընտրել եք ավելի սուղ պայմաններ:
-Ասել, որ երգչախմբում հանդես գալը նպաստում է կարիերայում առաջ գնալուն, սուտ կլինի. որպես անհատ երգիչ՝ այստեղ հեռանկար չեմ տեսնում: Փոխարենը, չնայած սուղ պայմաններին, աշխատում եմ հաճելի մթնոլորտում եւ ձեռք բերում պրոֆեսիոնալիզմ:
-Վերջերս նշել եք, որ առաջիկայում անակնկալ է սպասվում Ձեր երկրպագուներին. մի փոքր փակագծերը կբացե՞ք:
-Մոտ ժամանակներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայի կոնտեքստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանդես կգամ համերգներով: Նաեւ կամերային երգչախմբի հետ շրջագայություն ունեմ Շվեյցարիայում: Պլանավորում եմ մայիս-հունիս ամիսներին ներկայանալ նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով: Եվ եթե ամեն բան հաջող ընթանա, ծրագրում եմ աշնանը հանդես գալ մենահամերգով:
«ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ» ԿԱՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ
«Այս պատմությունը ոգու ընթացք է, որն իջնում է նախորդ դարի սկզբից: Ցանկացած ժողովուրդ ունի իր կենսագրությունն ու ընթացքը, եւ այդ ընթացքը կայանում է, երբ այն ունենում է ոգի: Այսօր հայկական լեգեոնի մասին չխոսելով` մենք խաթարել ենք այդ ոգեղեն ընթացքը. ես փորձել եմ կանխել դա»,-մարտի 20-ին «Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած «Կապույտ հազ»-ի շնորհանդեսին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի 2014թ. մրցանակին ներկայացված գրքի հեղինակը` Հակոբ Հարությունը:
Մեր այն հարցին, թե ինչու է գիրքն անվանել «Կապույտ հազ», գրողը պատասխանեց, որ սա խորհրդանիշն է հայ ժողովրդի մի «հիվանդության», որը բուժել է բնությունը. «Այսօր մենք կապույտ հազով «հիվանդ ենք», եւ մեզ հոգեբուժություն է պետք: Ինքս Մեծ Եղեռնը վերապրածի երրորդ սերունդն եմ, գրքում կարող եք հանդիպել չորրորդ սերնդի ներկայացուցչի` Արցախի դիրքապահ որդուս երդման տեքստը` ուղարկված Տիգրանակերտ»,-ասաց նա:
Շնորհանդեսի ներկա հյուրերի մեծամասնությունն իրենց ելույթներում շեշտեցին այն հանգամանքը, որ այս գիրքը յուրահատուկ կամուրջ է անցյալի եւ ներկայի սերունդների միջեւ: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի դիտարկմամբ՝ հատկապես ուշագրավ է «Կապույտ հազի» գեղարվեստականությունը. «Հայկական լեգեոններին, Կիլիկիայի պատմությանը անդրադարձներ եղել են, սակայն Հակոբ Հարությունի գիրքը գեղարվեստական առումով յուրահատուկ է. այն գրվել է տոհմին անդրադարձ կատարողի աչքերով»:
ՀԳՄ անդամ Գոհար Նիկողոսյանն էլ ընդգծեց, որ անդրադարձն արմատներին ավելի մեծ հայրենասիրություն է, քան ամպագոռգոռ բառեր գրելը. «Գրքի միջոցով ինքներս մեզ ճանաչելու, սիրելու, վերագտնելու հնարավորություն ենք ստանում»,-հավելեց նա:
Հրազդանի Դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Աշոտ Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ «Կապույտ հազ»-ի միջոցով մենք առնչվում ենք նոր տեսակի գրականության. «Այլ խնդիր է` ինչպես է արծարծվել թեման, ամեն դեպքում մոտեցման ձեւը, միանշանակ, նոր է: Ինձ հատկապես գրավել է պապի ու թոռան երկխոսության հատվածը, որը ոչ թե հնարովի դիալոգ է, այլ մարդկային զգացումների անկեղծ արտահայտություն»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ
Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» համերգաշարի շրջանակներում երաժշտի երկրպագուները կարող են մասնակցել Երեւան-Ստամբուլ ուխտագնացության, որի շրջանակներում երաժիշտը Երեւանի պետական կամերային երգչախմբի փոքր խմբով ծրագրում է հանդես գալ Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներում եւ Ստամբուլում: «Ամենայն հավանականությամբ, 10 համերգ տեղի կունենա տեղի եկեղեցիներում: Ինձ համար միեւնույն է` Թուրքիայում հայկական եկեղեցիներում համերգներին կփորձեն խանգարել, թե ոչ, քանի որ ես անելու եմ իմ գործը: Միակ մտավախությունս այն է, որ Անիի՝ Տիգրան Հոնենց եկեղեցում նախատեսված համերգը թույլ չեն տա կյանքի կոչել, որովհետեւ Անին Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի»,-«Արմենպրես»-ին ասել է Տ. Համասյանը:
ԳԼՈՒՄՈՎԸ ՔԱՌԱԿԻ ՀԱՅՐ Է
Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը` Գոռ Գրիգորյանը, չորրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին տեղեկացրել է նրա գործընկեր Ժակը` գրելով իր ֆեյսբուքյան էջում. «Նոր կյանք ավելացավ «Ռադիո Վան»-ում, հրա՜շք: Գլումով, աչքդ լույս, Արեգ` բարի գալուստ»:
Հիշեցնենք, որ Գլումովն ունի եւս երկու դուստր եւ մեկ որդի: Նորածին բալիկը նրա չորրորդ երեխան է:
25 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ` ԹՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ջասթին Բիբերի նախկին հարեւան Ջեֆրի Շվարցը դատի է տվել կանադացի երգչին, քանի որ վերջինս թքել է նրա երեսին: TMZ-ի փոխանցմամբ` Ջեֆրին 25 հազար դոլար է պահանջում` որպես վնասի փոխհատուցում:
Դատական գործը մեկնարկել է դեռեւս մեկ տարի առաջ, երբ հարեւանը բողոքել էր, որ Բիբերի առանձնատանը կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ երգիչն ընկերների հետ ձվերով խփել էր իր տան պատերին: Բիբերը մեղավոր էր ճանաչվել ու հարեւանին վճարել 80 հազար դոլարի չափով տուգանք: Այժմ արդեն հարեւանը պնդում է, որ Բիբերն իրեն տարբեր առիթներով շատ ագրեսիվ է պահել, եւ երբ ինքը նրան նկատողություն է արել, Բիբերը թքել է երեսին: