Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվելու Երևանի բոլոր հիմնական դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Քաղաքապետի տեղակալը տնօրեններին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանք կազմակերպելու ընդհանրացված մոտեցումներն ու սկզբունքները։

«Ինչպես գիտեք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսանում է ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, և Երևանի քաղաքապետարանը, իր ենթակայության կառույցներով, նույնպես գործուն մասնակցություն ունի միջոցառումների անցկացմանը. ակնկալում ենք նաև դպրոցների ակտիվ մասնակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարվան ու ոգուն համահունչ ձեռնարկումներով։ Վստահելով ձեր համակազմերի մանկավարժական ու միջոցառումներ կազմակերպելու բազմամյա փորձին՝ այնուամենայնիվ, թույլ տվեք ուղղորդել առաջարկություններով։ Միջոցառումներում մի շարք սկզբունքներ պետք է առանցքային լինեն. «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի երկու բաղադրիչներն էլ հավասարապես պետք է շեշտված լինեն։ Միջոցառումները շեշտադրված պետք է լինեն վերածննդի գաղափարով, ինքնապաշտպանական մարտերի դրվագներով. առանցքային պետք է լինի պետության և պետականության, 100-ամյա ընթացքի ձեռքբերումների, այս ընթացքում կայացած անհատականությունների ծավալած գործունեության կարևորությունը։

Բացառե՛ք Ցեղասպանության մասին փաստավավերագրական կադրերի ցուցադրումը միջոցառումների ընթացքում՝ հաշվի առնելով հիմնական դպրոցի աշակերտների տարիքը։ Տարբեր հասարակական ու այլ կազմակերպությունների ցանկացած մասնակցությունը միջոցառումներին կամ գործակցության առաջարկը պետք է քննարկեք քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ»,- շեշտել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ 1915 թվականին՝ Ցեղասպանության խորհրդանշական տարում զոհված հայ գրողների՝ Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի անվանակիր դպրոցների միջոցառումները ներառված են քաղաքապետարանի միջոցառումների ցանկում և պետք է ունենան ոգեղեն մեծ հնչեղություն։

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կոչ է արել դպրոցների տնօրեններին՝ դպրոցներին ակտիվ մասնակից դարձնել նաև ապրիլի 24-ին ընդառաջ իրականացվող ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին։




Լրահոս