Նման ուժի հետ ո´չ հանրահավաք գնալու ցանկություն ունեմ, ո´չ սեղան նստելու. Արմեն Ռուստամյանը` Ժիրայր Սէֆիլյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեմ ենք քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն: Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնություններին` այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու:

«Սա չի կարելի թույլ տալ և մեզ համար անհասկանալի են մոտիվները, թե ինչպես ինչ-որ պայքար կարելի է կապել ապրիլի 24-ի հետ:  Մենք պարզապես ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք: Կոչ եմ անում մեր այդ հայրենակիցներին զերծ մնալ այդպիսի գաղափարից», – ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով, Սէֆիլյանը կարող է շարունակել իր պայքարը, սակայն ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի: Նա նշեց, թե ՀՅԴ-ն չի մասնակցելու այդ հանրահավաքներին, քանի որ իրենք գործ չունեն մի ուժի հետ, որը գալիս է պառակտելու իրենց ազգային միասնությունը: «Ես նման ուժի հետ ո´չ հանրահավաք գնալու ցանկություն ունեմ, ո´չ սեղան նստելու», – ընդգծեց նա:

Լրագրողների այն հարցին, թե կողջունի իշխանությունների` ուժի դիմելու քայլերը, նա նշեց, որ բոլոր երկրներում նման շարժումների դեպքում կատարվում են քայլեր, որոնք անհրաժեշտությունից բխած են և արդարացված:




Լրահոս