ԼԵՎՈՆԸ ԿԽՈՍԻ
Henaran.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Հրազդանի կիրճում համախոհների հետ կնշի անկախության տոնը: Ամենայն հավանականությամբ, այդ օրը Տեր-Պետրոսյանը եթե անգամ չհայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին, ապա ուղիղ խոսք կասի իր համակիրներին:
ՀՀԿ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ Է
Հայաստանի ավելի քան 370 համայնքներում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, գերիշխող դիրքում է Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ի տվյալներով` իրենց թեկնածուները հաղթել են 240-ից ավելի համայնքներում:
Ո՞Վ ԿԺԱՌԱՆԳԻ
Առայժմ հայտնի չէ, թե ով կգնա խորհրդարան` նախօրեին մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն: Ըստ ցուցակի՝ հաջորդ համարը Թեւան Պողոսյանն է: Սակայն տարբեր տեղեկությունների համաձայն` հնարավոր է՝ մանդատը հասնի կա՛մ Ստեփան Սաֆարյանին, կա՛մ Իզաբելա Աբգարյանին, կա՛մ Անահիտ Բախշյանին:
ՄԱՅՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Ռուսաստանցի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան փոխնակ մայր է փնտրում ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, ժառանգ պարգեւելու փափագից դրդված։ «Новости мира»-ի տեղեկացմամբ` Պուգաչովան խոստովանել է, որ ամուսնական կյանքում երջանիկ է Գալկինի հետ, սակայն լիարժեք երջանկության համար իրենց փոքրիկ է պետք։
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ հենց ինքն է հրաման տվել արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, թեեւ շատ լավ իմացել է, որ վաղ թե ուշ նրան ազատ են արձակելու: Օրբանի խոստովանությունը հնչել է հարազատ կուսակցության` Fidesz-ի ներկայացուցիչների հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է armtoday.info-ն` վկայակոչելով Origo.hu հունգարական պորտալը: Աղբյուրի տեղեկացմամբ` Օրբանը բազմիցս զգուշացվել է կուսակիցների եւ խորհրդականների կողմից, թե ինչ ռիսկ է պարունակում այդ քայլը, եւ ինչ հետեւանքներ կարող են լինել, սակայն վարչապետը գնացել է դրան` փորձելով դատարկված բյուջեն լցնել վարկերով: Այս կապակցությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հետաքրքիր խոստովանություն: Հենց սկզբից գրել էի ՖԲ-ում, սպասենք, դեռ այնքա՜ն բան ենք իմանալու: Համոզված եմ՝ շուտով կիմանանք նաեւ հարցի ֆինանսական կողմը, որը շատ ավելի հետաքրքիր է»:
ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ
Արդեն քանի օր է՝ ՀՀ կառավարության հեռախոսները չեն աշխատում: Դեպի կառավարություն քաղաքացիների զանգերին անգլերենով պատասխանում է օպերատոր-ռոբոտը` հայտնելով, որ համարը զբաղված է: Աշխատում է միայն կառավարության «թեժ գիծը»` 52-70-00: Aravot.am-ի հեռախոսազանգին ի պատասխան՝ «թեժ գծի» օպերատորը հայտնել է, որ իրենց համակարգում խնդիրներ կան, իսկ թե երբ կլուծվեն դրանք, հայտնի չէ: