ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտել Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Անանիա Գրիգորյանին: Նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Քրեական գործը հարուցվել է հենց հայկական բանակի տոնի օրը՝ 2012-ի հունվարի 28-ին:
Ըստ քրգործի՝ նախապատմությունն այսպիսին է. ՀՀ քաղաքացի, ամբաստանյալ Անանիա Գրիգորյանը 30.01.2009թ. Արմավիրի զինվորական կոմիսարիատում անցել է կցագրում, եւ բժշկական հանձնաժողովը նրան ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն լինելով «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ եւ պատճառաբանելով իր կրոնական համոզմունքները՝ ժամկետային զինծառայության հերթական՝ 2011թ. աշնանային զորակոչից խուսափելու դիտավորությամբ անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին դիմում է ներկայացրել Արմավիրի զինվորական կոմիսարին՝ հրաժարվելով մեկնել ժամկետային զինծառայության: Այդպես խուսափել է 2011թ. աշնանային ժամկետային զինվորական եւ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ չունենալով այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական հիմքեր:
Առաջադրված մեղադրանքում (ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի 1-ին մասով) ամբաստանյալ Ա. Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատարանում հաստատելով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ հայտնել է, որ ինքը «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ է եւ խիղճը դաստիարակել է աստվածաշնչյան սկզբունքներով, դիմում է ներկայացրել Արմավիրի զինկոմիսարին` հրաժարվելով մեկնել ինչպես ժամկետային զինվորական, այնպես էլ այլընտրանքային ծառայության, քանի որ երկուսն էլ գտնվում են զինվորական հսկողության ներքո: Եւ դատարանը գտել է, որ նման պատճառաբանությամբ ծառայությունից խուսափելն անհիմն է, քանի որ ծառայությունից հրաժարվելը նպատակ է հետապնդում խուսափել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններից եւ ազատվել ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից: Ուստի դատարանը, հաշվի առնելով, որ Ա. Գրիգորյանի արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատաքննությամբ չեն պարզվել, ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատված կամ արատավորված չի եղել, համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրականորեն, նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման, սակայն խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողել է անփոփոխ մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը:
Ա. Գրիգորյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել ու խնդրում է արդարացնել եւ անմեղ ճանաչել իր պաշտպանյալին:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության բազմաթիվ անդամներ Եվրադատարանում Հայաստանի դեմ հայցեր են ներկայացրել, որոնցից երկուսը վերջերս  բավարարվել էին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից  «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել էր 30 հազար եվրոյին համարժեք դրամ: Երկու գործերով էլ Եհովայի վկաները հրաժարվել էին անցնել զինվորական ծառայության: Նշենք նաեւ, որ խղճի, կրոնական ազատության հիմքով ազատազրկման դատապարտվածների մեծ մասը մեկ-երկու ամիս այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելուց հետո դրանից էլ են հրաժարվում:
Նկատենք, որ մեր երկրում օրեցօր ավելանում են կրոնական կազմակերպություններն ու դրանց հետեւորդները: Ու եթե բոլորն էլ կրոնական հայացքների հիմքով հրաժարվեն երկրի սահմանները պաշտպանելուց, Հայաստանին ի՞նչ ապագա կարող է սպասվել: Ստացվում է՝ ես վկա, դու՝ վկա, սահմանն անցնեն՝ ո՞վ վկա… Իսկ Եվրադատարանն էլ իր կայացրած վճիռներով խրախուսում է այս իրավիճակը՝ վտանգելով մեր ազգային անվտանգությունը:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս