ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԿԱՐՈՒՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի հայ-հունական բարեկամության զբոսայգին քաղաքի ամենատեսարժան վայրն է: Այն կառուցվել է Նոյեմբերյանի բարեկամ հունական Վիրոնա քաղաքի (Աթենքի արվարձան) ֆինանսական աջակցությամբ, միջազգային մի շարք կազմակերպությունների օգնությամբ: Այգու կառուցման գործում ֆինանսական ներդրում է կատարել նաեւ համայնքը: Այն կառուցվել է Նոյեմբերյանի ներկայիս քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի պաշտոնավարման առաջին շրջանում (2002-2005թթ.), եւ նա միշտ հպարտությամբ էր խոսում այդ զբոսայգու կառուցման մասին: Սակայն քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգին հիմա կարծես անտարբերության է մատնվել: Չնայած զբոսայգու կառուցապատման համար մեծ ծախսեր արվեցին, սակայն այնտեղ տեղադրվեցին հին, մաշված «կարուսելներ», ճոճանակներ, որոնցից երկուսը որոշ ժամանակ աշխատելուց հետո անգործության մատնվեցին: Հիմա բոլորովին չեն գործում:
Ճոճանակների փոխարեն Նոյեմբերյանում գործում է ՀՀԿ-ին անդամակցության «կարուսելը»: Վ. Ամիրաղյանն անկուսակցական էր, 2002թ., քաղաքապետ ընտրվելով, դարձավ ՀՀԿ անդամ: 2005թ. կայացած քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո դուրս եկավ ՀՀԿ-ի շարքերից: Այդ շրջանում նա ակտիվ շփումների մեջ էր ՀՅԴ-ի հետ: 2006թ. փետրվարից մինչեւ 2008թ. հունիսը Վ. Ամիրաղյանը աշխատեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ համաշխարհային բանկի գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրում՝ որպես Տավուշի մարզի ագրոբիզնեսի գծով մասնագետ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը պատկանում էր ՀՅԴ-ին: 2006թ., երբ Արտաշես Թումանյանը նախաձեռնեց «Նոր երկիր» կուսակցության ստեղծումը, Վ. Ամիրաղյանը հանդես եկավ որպես այդ կազմակերպության Նոյեմբերյանի կառույցի պատասխանատու եւ տրամադրեց Նոյեմբերյանի կենտրոնում գտնվող իր տարածքը՝ որպես գրասենյակ: Սակայն այդ կուսակցությունն այդպես էլ չստեղծվեց:
2008թ. աշնանը Նոյեմբերյանի քաղաքապետ ընտրվելուց հետո անկուսակցական Վ. Ամիրաղյանը նորից անդամագրվեց ՀՀԿ-ին: Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյանում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանն իր նախընտրական շտաբը բացել է ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության շենքում: Զարմանալի է, որ Վ. Ամիրաղյանի՝ Տավուշի մարզպետարանի համացանցային կայքի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» բաժնում տեղադրված կենսագրության մեջ նրա կուսակցական պատկանելության մասին ոչ մի հիշատակում չկա: Մինչդեռ Վ. Ամիրաղյանը ՀՀԿ անդամ է, այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարի տեղակալը եւ առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս