ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ, ՁԵՌՔՆԵՐԸ ԲՌՆՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում այսօր իշխում է վերից վար կոռումպացված մի ռեժիմ, որտեղ կոռուպցիան, չարաշահումներն ու վատնումները կրում են համակարգված բնույթ: Սա ոչ միայն ընդդիմության գնահատականն է, այլեւ հենց իրենց՝ իշխանությունների: Նման եզրահանգման կարող է գալ ՀՀ ցանկացած քաղաքացի՝ հետեւելով Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցին, որը երեկ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Բոլոր այն գերատեսչություններում, որտեղ ՎՊ-ն անցկացրել է ստուգումներ, հայտնաբերվել են հսկայական չափերի չարաշահումներ ու խախտումներ, ու դա ոչ միայն այս տարի, այլեւ՝ մշտապես: Օրինակ՝ ՎՊ-ն նախորդ տարի ստուգումներ է անցկացրել քաղաքաշինության նախարարությունում եւ 10 կրթական օբյեկտներում 707 մլն դրամ ընդհանուր գումարով կատարված շինարարության, հիմնանորոգման եւ նախագծային աշխատանքներում հայտնաբերել է 52 մլն 197.58 հազ. դրամի գումարի խախտում: Իսկ սոցիալական ներդրումների հիմնադրամում 510 մլն դրամի հիմնանորոգման-շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 33 մլն դրամի չարաշահում: 
Լրջագույն խախտումներ են արձանագրվել նաեւ պետական գնումների գործակալությունում, որը պարզապես մսխել է ՀՀ պետական բյուջեն: Օրինակ՝ ՎՊ-ն բացահայտել է, որ այստեղ պետական գնումները շեղվում են շուկայական գներից, հայտարարված մրցույթները կրում են ձեւական բնույթ, եւ իրական մրցակցությունը տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ արտամրցութային պայմաններում: Ընդ որում մրցույթի մասնակիցները որպես միջնորդ հանդես եկող կազմակերպություններն են: Չարաշահումներ կան անգամ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում: Այստեղ իրականացվել է 33 մլն կրկնակի ֆինանսավորում, երբ մեկ գիտական թեմայի ուսումնասիրման համար ՀՀ բյուջեից “վճարել են” երկու անգամ, եւ այսպես շարունակ:
Այս ամենից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՎՊ հաշվետվությունը դեկլարատիվ է, եւ այնտեղ նկարագրված խախտումները սովորական են ՀՀ-ի համար: Մինչդեռ, ըստ նրա, ՎՊ-ն խուսափել է կոնկրետ մեղավորների անունները նշելուց կամ ներկայացնում է մարզային “խեղճուկրակ” ծառայությունների խախտումները: Ի պատասխան՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե տարվա ընթացքում ներկայացնում են օպերատիվ հաշվետվություններ, որտեղ առավել մանրամասն ու ամբողջությամբ են ներկայացնում խախտումներ կատարողներին: 
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե Հայաստանում տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամների չարաշահումներ են կատարվում: “Չի կարող պատահել, որ մի քանի տասնյակ միլիարդ դրամների մասին զեկույցները քրեաիրավական շարունակություն չունենան: Կա՛մ դուք պատշաճ կերպով չեք հետապնդում, կա՛մ ձեր հրապարակածին պատշաճ կերպով չեն հետեւում”,-ասաց Ջհանգիրյանը: Նա հայտարարեց, որ ե՛ւ ՎՊ նախագահին, եւ գլխավոր դատախազին ընտրում է ԱԺ-ն, ու հիմա անհասկանալի է՝ ինչու ՎՊ բացահայտած չարաշահումներին դատախազությունը հետամուտ չի լինում:
 “Հիմա նույն երեւույթներին ինչպե՞ս կարող են տարբեր մարմիններ տարբեր գնահատականներ տալ. կա՛մ դուք եք ճիշտ, կա՛մ գլխավոր դատախազությունը, որովհետեւ մինչեւ հիմա չենք լսել միջինից մի աստիճան բարձր պաշտոնյայի քրեական պատասխանատվության մասին”,-ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով՝ կա՛մ թող ՎՊ-ն չհրապարակի նման տվյալներ, կա՛մ էլ դատախազությունը չջրի հրապարակածը: Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե նման հարցադրումներ առկա են միշտ, քանի որ այս առումով կան խնդիրներ: Ըստ նրա՝ խնդիրը հնարավոր է լուծել ՎՊ մասին օրենքում փոփոխություններ կատարելով: 
Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ վերահսկիչ պալատն ամեն տարի հանդես է գալիս տարբեր ոլորտներում գրանցված խախտումների ու չարաշահումների վերաբերյալ հաշվետվությամբ, բայց չարաշահումները շարունակվում են: Եւ առաջարկեց կիրառել ավելի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ ու խախտումները կանխելու համար գլոբալ լուծումներ առաջարկել: 
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս