ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2013թ դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պատգամավորից գանձել 25.000 ՀՀ դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանը 2013թ դեկտեմբերի 28-ին վճարման կարգադրության որոշում է կայացրել, եւ որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀԿ-ական պատգամավորի բնակարան: Ու երբ պատգամավորը ստացել է վճիռը, անմիջապես վճարել է ճանապարհային ոստիկանության տուգանքը:
Սակայն այս նախադեպով չի ավարտվել պատգամավորի եւ ճանապարհային ոստիկանության «դատական փոխհարաբերությունները»: Պարզվում է՝ «Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը մշտապես զլացել է վճարել իր կողմից թույլ տրված ավտոճանապարհային խախտումների արձանագրությամբ նախատեսված տուգանքները: Դա արել է միայն այն ժամանակ, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել, հաղթել դատարանում:
Եվ այսպես՝ ճանապարհային ոստիկանությունը 2013թ դեկտեմբերի 12-ին դիմել է դատարան՝ պահանջելով Մանվել Բադեյանից գանձել 50.000 դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանն էլ, բնականաբար, վճիռ է կայացրել հօգուտ ճանապարհային ոստիկանության՝ պարտադրելով պատգամավորից գանձել 50.000 դրամ: Այս որոշումն ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 21-ին: Եւ մինչ պատգամավորը կվճարեր այս տուգանքը, 2014թ փետրվարի 25-ին ՃՈ-ն կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Մանվել Բադեյանից գանձել այս անգամ էլ 25.000 դրամ: Դե, դատավորն էլ, ինչպես ոստիկանության «դակիչ մարմին», այս անգամ, Մերի Համբարձումյանի դեմքով, վճռել է Մանվել Բադեյանին ստիպել՝ կատարելու ճանպարհային ոստիկանության պահանջը: Նկատենք, որ դատական այս հայցերը պատգամավոր Բադեյանը երբեւէ հակընդդեմ հայցով չի բողոքարկել: Այլ ամեն անգամ, երբ պարտվել է դատարանում, անաղմուկ վճարել է ճանապարհային ոստիկանության պարտքերը եւ «անցել առաջ»:
Միակ շեղումը, թերեւս, արձանագրվել է նախորդ տարվա ապրիլին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 մարտի 25-ին, երբ ՀՀ ոստիկանությունը կրկին հայց է ներկայացրել պատգամավոր Բադեյանի դեմ՝ այս անգամ պահանջելով 25.000 դրամ, գործով դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլին վճռել է պարտադրել պատգամավորին վճարել ՃՈ-ի պարտքը: Սակայն վճռի հրապարակումից 3 ամիս անց հայցվոր կողմը` ի դեմս ճանապարհային ոստիկանության, հրաժարվել է գործին ընթացք տալուց: Իսկ պատգամավորն էլ դատարան է դիմել հակընդդեմ հայցով՝ բողոքելով ՃՈ որոշումը:
Ինչո՞ւ է ճանապարհային ոստիկանությունը հրաժարվել այս գործին ընթացք տալուց եւ, առհասարակ, ինչո՞ւ է Մանվել Բադեյանը մշտապես ճանապարհային ոստիկանության տուգանքները վճարում դատարանի միջոցով: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պատգամավորից, սակայն վերջինս չցանկացավ խոսել՝ պատճառաբանելով, թե հիվանդ պառկած է: Մեր այն խնդրանքին, թե գոնե այո-ոչ-ի մակարդակով պատասխանեք հարցին, պատգամավորը անգամ չլսեց` անջատելով հեռախոսը:
Հիշեցնենք, որ մի շարք պատգամավորներ ՀՀ ՃՈ-ի հանդգնությունը՝ իրենց դատի տալու մասով, աններելի են համարել եւ այժմ դատական գործընթացի մեջ են գտնվում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ճանապարհային ոստիկանությունը 25.000 դրամի համար դատական հայց է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ, եւ պատգամավորը armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2012 թվականին կատարած ճանապարհային երթեւկության կանոնների խախտման համար վարչական դատարանի կողմից 2 օր առաջ ենթարկվել է պատասխանատվության, ինչն օրենքով արգելված է, քանի որ պատգամավորն անձեռնմխելի անձ է: Իսկ պատգամավորին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու համար նախ հարկավոր է զրկել անձեռնմխելիությունից. «Պատգամավորի նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու գործընթաց լինել չի կարող առանց անձեռնմխելիությունից զրկելու»: Այս օրերին Ուրիխանյանն ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը, օրենքի եւ կարգի համաձայն, առաջիկայում կմտնի Ազգային ժողով, եւ ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի իրեն անձեռնմխելիությունից:
2014 հոկտեմբերի 29-ին գրել էինք, որ 2014թ. փետրվարի 14-ին ճանապարհային ոստիկանությունը Թեւան Պողոսյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել եւ պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը:
Թեւան Պողոսյանի եւ ճանապարհային ոստիկանության վեճը դեռեւս շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը:
Քայլ 1 – Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:
Քայլ 2 – Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ եւ քաղաքացիական առավելագույն ներուժ։
Քայլ 3 – Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։
Քայլ 4 – Ձեւավորել ստվերային կառավարություն։
Քայլ 5 – Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձեւավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։
Քայլ 6 – Սփյուռքում ձեւավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։
Քայլ 7 – Մասնակցել ընտրություններին եւ ստանալ ժողովրդի վստահության քվեն։
Քայլ 8 – Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած եւ մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի եւ դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։
Քայլ 9 – Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման եւ/կամ «Թավշյա հեղափոխության» միջոցով եւ ստանձնել Հայաստանի կառավարումը։
Քայլ 10 – Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը։
ԻՆՉՈՒ ՉԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ
ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն եւ 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել: Այս մասին SHAMSHYAN.com-ին ասել է սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը: «Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան»,- ասել է գործարարը` հավելելով, որ իր սնանկացման գործում մեղավոր է նաեւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը:
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Շիրակի մարզում 2014թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործը մտավ դատարան: Հիշեցնենք՝ 2014թ. նոյեմբերի 10-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին բախվել էին «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մանվել Վարդանյանին ամրակցված «Կամազ-53202» մակնիշի ավտոմեքենան եւ Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երեւանից Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղեւորատար ավտոմեքենան: Առաջացած վթարի հետեւանքով «Գազ-32213» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենան հրդեհվել էր, մահացել էին 7 քաղաքացիներ: Այս գործով միակ մեղադրյալը «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մանվել Վարդանյանն է:
«ՀՐԱԶԴԱՆ-ԷՔՍՊՈ»-Ի ՏՆՕՐԵՆԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան-Էքսպո» բեռնափոխադրումներ իրականացնող ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Գեւորգ Տասչյանին մեղադրանք է առաջադրվել: Բանն այն է, որ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, թե նա պարտքի համար մարդ է առեւանգել: armlur.am-ի հետ զրույցում Գեւորգ Տասչյանը, սակայն, ասել էր, թե ինքը որեւէ մեկին չի առեւանգել:
Մինչդեռ լրատվամիջոցներում լուրեր են շրջում, որ, այնուամենայնիվ, Գեւորգ Տասչյանը առեւանգել է Ռոմանոս Աղաջանյանին, որը 2 տարի հետախուզման մեջ է գտնվել Մոսկվայում ավազակային հարձակման եւ անձի առեւանգման մեղադրանքներով: Սակայն Տասչյանի խոսքով` ինքն անգամ չի իմացել, որ Աղաջանյանը հետախուզման մեջ է եղել: «Նա եղբորիցս մեքենա էր վերցրել, եւ գրավոր պայմանագիր էին կնքել, որով պարտավորվում էր պարտքը վերադարձնել: Սակայն գումարի հարց էր առաջացել: Նրա անձնագրի պատճենը մեզ մոտ է եղել, այսինքն՝ մենք միշտ իմացել ենք նրա գտնվելու, բնակվելու վայրը: Բայց չենք իմացել, որ հետախուզման մեջ է: Մեր դեմ բողոք չի ներկայացրել, որովհետեւ, նորից եմ կրկնում, նրան չենք առեւանգել»,- պարզաբանել է Տասչյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում Գեւորգ Տասչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի հատկանիշներով` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը: Ավելին՝ բացի Տասչյանից, կա եւս մեկ մեղադրյալ:
Իսկ թե ինչ է սպասվում բեռնափոխադրումներ իրականացնող «Հրազդան-Էքսպո» ՓԲ ընկերության գործադիր տնօրենին, թերեւս ցույց կտա ժամանակը: