Միջադեպ Հայաստանն առանց աղբի ակցիայի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս/թ սեպտեմբերի 15-ին “Մենք կարող ենք” (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված “Հայաստանն առանց աղբի” կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարծում ենք պետք է ստանա իր արժանի արձագանքը թե հանրության, թե պետական մարմինների կողմից:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ, մասնավորապես, “Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնությանը միանալով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ:
“Երբ մասնակիցներն արդեն ավարտել էին մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա եւ մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողները չեն արձագանքել եւ շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է”Էլնոր” ընկերությանը:
 Այսպիսով “Մենք կարող ենք” (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաեւ կանխել Երեւանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը:
Դիմում ենք նաեւ “Էլնոր” ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով”- ասվում է “Մենք կարող ենք” (Let’s do it! Armenia) շարժման հաղորդագրության մեջ:




Լրահոս